Ռուսաստանն այժմ «աննախադեպ մակարդակի» ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Իրանին՝ Թեհրանին Ուկրաինայում պատերազմի համար զենք մատակարարելու դիմաց: Այս գրում է NBC-ն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի պաշտոնյաների տվյալներին հղումով։
Որպես ընդլայնված գործընկերության մաս՝ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Իրանին կմատակարարի առաջադեմ ռազմական տեխնիկա և բաղադրիչներ, այդ թվում՝ ուղղաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր: Գարնանը իրանցի օդաչուները Ռուսաստանում վերապատրաստվել են ռուսական Սու-35 կործանիչ վարելու համար, ինչը, ըստ պաշտոնյաների, վկայում է այն մասին, որ Իրանը «հաջորդ տարվա ընթացքում կարող է սկսել ինքնաթիռներ ստանալ»։
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ կարծում է, որ Իրանը անօդաչու սարքեր է մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Սակայն պաշտոնյաներն ասում են, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վերածվում են «լիարժեք պաշտպանական գործընկերության»։
«Այս գործընկերությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլեւ տարածաշրջանում Իրանի հարեւանների համար։ Մենք այս տեղեկատվությամբ կիսվել ենք Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի գործընկերների հետ»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։