Ապրիլի 5-ին, ժամը 00.53-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վրացական փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում լսվում են վիճաբանության և հայհոյանքի ձայներ:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ ժամը 01.00-ին օպերատիվ կառավարման կենտրոն վիճաբանության մասին հաջորդ զանգը հնչեց, իսկ ժամը 01.35-ին հիվանդանոցից ահազանգ ստացվեց. մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բյուրեղավանցի 32-ամյա երիտասարդ էր բուժօգնության տեղափոխվել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և ՊԾ Երևան քաղաքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նաիրի Զարյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, խուլիգանության, գողության և սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել 32 և 29 տարեկան երկու երիտասարդ: 32-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ 18 սմ ընդհանուր երկարությամբ. շեղբի երկարությունը՝ 8 սմ: 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ 16 սմ ընդհանուր երկարությամբ. շեղբի երկարությունը՝ 7սմ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 5-ի ժամը 00.20-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ վիճաբանել են բյուրեղավանցի և Երևանի մի խումբ երիտասարդներ, որի ընթացքում վնասել են բյուրեղավանցիներից մեկի «Պեժո» մակնիշի մեքենան, ապա կտրող-ծակող առարկաներով ու մահակով հարվածներ են հասցրել բյուրեղավանցի երկու երիտասարդների՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Երևանցի երեք երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: