Ցուցարարները, որոնց շարքերում հիմնականում ներկա են քաղաքական ընդդիմության և հանրապետության աշխարհիկ զարգացման կողմնակիցները, առավոտվանից կրկին սկսել են հավաքվել Ստամբուլի Թաքսիմի հրապարակում և Անկարայի Քիզիլայ գլխավոր հրապարակի մոտ: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ նշելով, որ ամենուր, կարգ խախտողներին հակահարված տալու հրամանը կատարելուն պատրաստ, կենտրոնացված են թուրքական բազմաքանակ ոստիկանության և հատուկ ծառայության ջոկատներ:
Իրավիճակը առավել սրվել է այն պատճառով, որ թուրքական ԶԼՄ-ները տպագրել են երկուշաբթի օրը ընդհարումների ժամանակ զոհված 22-ամյա Աբդուլահ Ջոմերթի լուսանկարն ու համապատասխան հաղորդագրություններ:
Ի դեպ, Աբդուլահ Ջոմերթն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ակտիվիստներից էր: Այդ քաղաքական կազմակերպությունը վարչապետ Էրդողանի գլխավորած «Ազատություն և զարգացում» կուսակցության նկատմամբ առավել կոշտ և արմատական դիրքերում գտնվող և երկիրն ընդգրկած հուզումները կազմակերպող ուժերից մեկն է:
ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քիլիչդարողլուին արտակարգ կարգով ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Այդ հանդիպման ժամանակ ընդդիմության առաջնորդը խիստ քննադատել է վարչապետի գործողությունները, ով, ըստ նրա, «ավելի է լարում իրավիճակը»:
Քեմալ Քիլիչդարողլուն համաձայնվել է երկրի նախագահի հետ, որ անհրաժեշտ է առաջացած խնդիրների լուծման ժամանակ պահպանել ժողովրդավարությունը: Քիլիչդարողլուն անհանգստություն է արտահայտել, որ ոստիկանությունը չափից դուրս ուժ է գործադրել ցուցարարների նկատմամբ:
Թուրքիայի ՆԳՆ-ի տվյալներով անկարգությունների ժամանակ վիրավորվել է 60 քաղաքացի և 120 ոստիկան: Իսկ թուրք իրավապաշտպանների տվյալներով միայն Ստամբուլում վիրավորվել է մինչև հազար, Անկարայում՝ 700 մարդ:
Երկրում իրավիճակը բարդանում է նաև այն առումով, որ այսօր ցուցարարներին է միանալու Թուրքիայի ամենաազդեցիկ արհմիութենական կազմակերպություններից մեկը՝ Պետական ծառայողների արհմիությունների կոնֆեդերացիան, որին անդամագրված է 240 հազար մարդ: Նրանք իրենց օժանդակությունը ցուցարարներին կհայտարարեն այսօր հայտարարված գործադուլի միջոցով: