Այսօր' հունիսի 11-ին, Երևանի քաղաքապետարանում երդվեց Երևանի նորընտրիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը' երդվում եմ.
Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:
Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:
Երևանի նորընտրիր քաղաքապետն ստորագրեց երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվում Երևան քաղաքի թանգարան:
Երդումից հետո խորհրդանշական լանջաշղթան կախեվեց Տարոն Մարգարյանի վզից:
Երդման արարողությանը ներկա է քաղաքական ողջ էլիտան' Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչները: Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը ևս ելութով հանդես եկավ, ով ողջույնի և աղոթքի խոսք ասաց: