Այսօր՝ հուլիսի 4-ին, լրացավ Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքների ղեկավարների հուլիսի 14-ի արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը: Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից, հետագա ընտրապայքարից հրաժարվել է Պռոշյանի գյուղապետի գրանցված թեկնածուներից մեկը՝ ինքնաառաջադրված անկուսակցական, «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ տնօրեն Ցոլակ Գրիգորյանը: Այս համայնքում նախապես առաջադրվել էին հինգ թեկնածուներ, սակայն մինչ գրանցումն ինքնաբացարկ էր հայտնել ինքնաառաջադրված՝ Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ, անկուսակցական Գալուստ Մկրտչյանը: Արդյունքում՝ Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարը շարունակում են երեք ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը: Հովիտում ինքնաբացարկներ չեն ներկայացվել: Այս համայնքում գյուղապետի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածուներ՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նույն կուսակցության անդամ Ավետիք Սերոպյանը և ինքնաառաջադրված՝ անկուսակցական, գյուղի անասնաբույժ Ռազմիկ Հակոբյանը: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ թեկնածուների նախընտրական քարոզչությունը մեկնարկել է հուլիսի 2-ին և կտևի մինչև հուլիսի 12-ի ժամը 24-ը: Հիշեցնենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է հրազենից ապրիլի 2-ին՝ գյուղապետարանի դիմաց, իսկ Հովիտի նախկին գյուղապետ Սամվել Պետրոսյանը փետրվարի 27-ին հանկարծամահ է եղել:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի