Երեկ հայտնի դարձավ, որ հունիսի սկզբին Սյունիքում կրակոցներից տուժած գնդապետ Արտակ Բուդաղյանին եւս մեղադրանք է առաջադրվել: Պարզվում է' նրա ընտանիքի անդամները սրանից անակնկալի չեն եկել: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: Նա ասաց, որ հիմա նախաքննությունը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ եւ տրամաբանությամբ:
«Անակնկալի չեկանք, որովհետեւ դրանցից ամեն ինչ սպասելի է, մարդիկ չեն պատկերացնում, որ Սյունյաց աշխարհը փրկվել է դրան հանելուց հետո: ժողովուրդը վատ տրամադրությունից դուրս է եկել: Իսկ գործի մասին կասեմ, որ ես զգում եմ՝ ինչ-որ գործունեությունը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ: Հետո դուք կնայեիք իսկական' օրիգինալ տեսանյութը, որոնք նկարել են տեսախցիկները, ես նայել եմ եւ կհամոզվեք, որ ոչ թե իմ տղաների, այլ իրենց կողմից է հարձակում եղել, եւ դա շատ պարզ երեւում է»:
Էմիլ Բուդաղյանն ասաց, որ չնայած այն բանին, որ Սուրեն Խաչատրյանն առաջին իսկ օրից հայտարարում էր, որ իր տան վրա են հարձակվել, այնուամենայնիվ դա այդպես չի եղել, Բուդաղյանները Սուրեն Խաչատրյանի տուն գնացել են վերջինիս կանչով:
«Իրենք են կանչել, ինչպես անում են սովորաբար, մյուս գործարարներն էլ են անում, կանչում են տուն, ծեծում են ու ճանապարհում: Շատ է եղել' բոլոր պետերին ինքն այդպես ծեծել է, այդ մարդը ուղեղի պակասություն ունի եւ հակում ունի այդպիսի բաների: Թմրանյութի օգտագործումը արդեն սովորական երեւույթ է դառնում դրանց համար: Ես բժիշկ չեմ, բայց գիտեմ, որ հատուկ բուժում պտի ստանան»:
Էմիլ Բուդաղյանն ասաց նաեւ, որ «օրիգինալ» տեսանյութում շատ բան կա, որ հասարակությունը չգիտի եւ տեղյակ չէ, այնտեղից հասկացվում է նաեւ, որ Սուրեն Խաչատրյանը կրակոցների անմիջական մասնակից է եւ քնած չի եղել:
«Նա իրեն հեռու է պահել տեսախցիկներից եւ եղել է բալկոնում, վերջում գնդակներ է խփել իրա ատրճանակներից, վերեւից կակողն էլ ինքն է եղել, երեւում է, որ երկուսը կրակում է: Ինքը քնած չի եղել, որ քնած լիներ, Մսրա Մելի՞քն էր, ո՞վ էր, էդքան կրակոցներից, ղժժոցներից նա չարթնացա՞վ:
Հինգ գնդակ իմ տղային կպել է, հինգ պատրոն են հանել նրա մարմնից: Հիմա չգիտեմ՝ որը ինքն է խփել, որը տղան, Էս հանցագործությունը ոչ մի տեղ չի գրվում... քո սեփական հողում քո որդին զոհվի՞ , հա՞, որ զոհված լիներ պատերազմի դաշտում, իմ ցավերից 70 տոկոսը կվերանար, իսկ նա թուրքի գնդակից չի մահացել:
Ազգի հերոսին հանցագործ են սարքում, իսկ հանցագործին...հլը նայեք էդքան զենք հայտնաբերվեց, էդքանը սաղ օրինակա՞ն էր, հա՞, ավտոմատներն ո՞ւր են իրա, այսինքն' նորմալ ստուգում ու խուզարկում էլ չեն արել: Հիմա սպասում եմ դատաքննչական մարմինների եզրակացությանը, նոր երկրի նախագահ է, ինչ է, դրանց հարցերին հետո կանդրադառնանք: Դեռ որեւէ նոր նախաձեռնություն չկա: Ուզում եմ, որ ամեն ինչ օրինական կարգով ստացվի: Եթե պետությունն իրա տեղում է, Լիսկան պիտի պատժվի, ես ուղղակի զարմանում եմ, թե ոնց են պարգեւատրել դրան»:
Քրիստինա Մկրտչյան