Lragir.am. Հայաստանը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապայման է առաջ քաշել Թուրքիայի հետ սահմանի բացումը: Մի կողմից դա եվրաինտեգրացիայից «խուսափելու» «լավ միջոց է»՝ հղի Ռուսաստանի անկանխատեսելի պատժամիջոցներով: Սակայն, մյուս կողմից, այդ նախապայմանը կարող է խոշոր տարածաշրջանային խաղի նոր փուլի սկիզբ դառնալ:
Հայ-թուրքական գործընթացը, որը հրապարակային մեկնարկեց 2008 թվականին, նախաձեռնվել էր տարածաշրջանի հաղորդուղիներն ու ենթակառուցվածքները բացելու նպատակով: Սակայն գործընթացը կասեցվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի անհաշտ դիրքորոշման պատճառով: Այդ երկրներին հնարավորություն էր տրվել աշխարհքաղաքական տարածաշրջանի մաս դառնալ եւ դրանից մեծ եկամուտներ ստանալ: Սակայն Թուրքիան չի ցանկացել մաս դառնալ, այն ցանկացել է տարածաշրջանն իր մասը դարձնել:
Այդ հնարավորությունը չի օգտագործվել, սակայն դա չի նշանակում, որ տարածաշրջանը բացելու նախագծերը կորցրել են ակտուալությունը: Դրանք պահպանվել են, սակայն փոխվում են աշխատանքի սկզբունքները: Այժմ Թուրքիային ու Ադրբեջանին հնարավորություն չի տրվելու, առավել եւս, որ նրանց վրա այս ընթացքում ճնշումների լծակները անհամեմատ շատացել են: Գլխավոր լծակներից մեկն էլ Հայաստանն է:
Սերժ Սարգսյանի հայտարարությունից մի քանի օր առաջ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սենսացիոն հայտարարություն է արել: Հայաստանում իրավական իշխանության գլխավոր կրողի շուրթերով Թուրքիայի նկատմամբ Հայաստանի պահանջներ են հնչեցվել, այդ թվում, տարածքային: Այդ հայտարարությունը չի «դատապարտվել» կամ հավանության արժանացել միջազգային մակարդակում, սակայն ոչ այն պատճառով, որ չեն գնահատել լրջությունը, այլ որովհետեւ բոլորը սպասում են հաջորդ քայլին:
Թուրքիան նույնպես ոչ մի կերպ չի արձագանքել հայտարարությանը՝ թերեւս չցանկանալով ընդունել գնդակը: Եվ հետեւել է հաջորդ քայլը՝ Հայաստանը պայման է առաջադրել Եվրոպային. քանի դեռ չի բացվել Թուրքիայի հետ սահմանը, ԵՄ հետ ասոցիացիան անիմաստ է լինելու: Դա նշանակում է, որ Եվրոպան պետք է հրապարակային դիմի Թուրքիային՝ պահանջելով բացել սահմանը:
Դա Թուրքիայի համար պատ կլինի: Այն կամ պետք է բացի սահմանը, կամ էլ հայտարարի, որ չի բացելու: Այդ ժամանակ, սակայն, հնարավոր է Թուրքիային հարկ կլինի լքել ԵՄ Մաքսային միությունը: Թուրքիան կարող է օրիգինալ քայլ անել՝ դուրս գալ ԵՄ Մաքսային միությունից եւ մտնել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստաի Մաքսային միություն, որի մասին Անկարան նույնիսկ ակնարկել է: Սակայն, այդ ժամանակ խնդիրներ կառաջանան ՆԱՏՕ-ի հետ:
ԵՄ հետ Հայաստանի Ասոցիացիան տարածաշրջանը բացելու գործընթացի մասն է: Այն պետք է հնարավորություն տա թուլացնել Ռուսաստանից կախվածությունը, որը վերահսկում է հայ-թուրքական սահմանը եւ Ադրբեջանի հետ համատեղ մեկուսացնում Հայաստանը տարածաշրջանից: Սակայն խնդիրը Հայաստանը չէ, այլ այն, որ մեկուսացված Հայաստանը յուրօրինակ «խցան» է տարածաշրջանում, եւ քանի դեռ չեն բացվել նրա սահմանները, տարածաշրջանը փակ կմնա:
Այդ առումով, Թուրքիայի հարցում Սերժ Սարգսյանի կողմից պայմանի առաջ քաշումը շախմատային քայլ է: Մի կողմից, այն տեղավորվում է ռուս-թուրքական մեկուսացման տրամաբանության մեջ, մյուս կողմից՝ Եվրոպային փաստարկ է տալիս Թուրքիայի դեմ:
Դժվար է ասել, թե որքանով է դա հաշվարկված քայլ, սակայն վտանգավոր է այն առումով, որ կարող է Հայաստանի եվրոպական կուրսը ձախողել՝ չլուծելով գլոբալ խնդիրները: 

 

Նաիրա Հայրումյան