Ինչպես գրում է «Комсомольская Правда»-ն, Պոդոլսկի ՃՏՊ-ի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանի քննիչներին վախեցրել են ինքնասպանություն գործելու նրա խոսքերը: Պարբերականը նշում է, որ հոգեբուժական զննում անցնելու որոշումը կայացվել է' ելնելով մի քանի կարևոր հիմքերից:
Նախ' գործում անպայման պետք է առկա լինի մեղադրյալի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկանք: Եթե այդ կապակցությամբ միջազգային հարցում ուղարկվի Հայաստան, ապա պատասխանը հնարավոր է' տեղ հասնի 6 ամսվա ընթզացքում, ուստի՝ ավելի հեշտ է այն անցկացնել Ռուսաստանում, որը կտևի 1 ամիս:
Երկրորդ պատճառը՝ Հարությունյանի մոտ ավտովթարից հետո ստացած ուղեղի ցնցումն է, որը մշտական հսկողություն է պահանջում: Շատ կարևոր է նաև մյուս պատճառը. իմանալով ավտովթարի հետևանքով զոհերի քանակի մասին' Հարությունյանը սկսել է խոսել ինքնասպանությունից, ինչը չի կարելի անուշադրության մատնել: Մի կարևոր հանգամանք ևս. նրա հարազատները նշում են, որ Հրաչյան մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, որի ժամանակ գլխից վիրավորվել է: Ուստի՝ այս բոլորը հաշվի առնելով' նրան հոգեբուժական հսկողության տակ են վերցրել:
Այս պահին Հրաչյա Հարությունյանը գտնվում է հոգեբուժական բաժանմունքի սովորական պալատում:
«Նրան այդ պալատ ուղարկելն արդեն մեխանիկորեն նշանակում է, որ հիվանդին անգործունակ չեն ճանաչել»,-գրում է պարբերականը և հավելում, որ Հարությունյանին սովորական բանտախուց կտեղափոխեն ոչ այդքան շուտ: Վթարից հետո, բացի գլխուղեղի ցնցումից, նա կոտրել է նաև ձեռքը, որը գիպսի մեջ են դրել արդեն «Բուտիրկայում»: