Ավելի քան 300 մարդ է ձերբակալվել երկուշաբթի օրվա առաջի կեսին Մոսկվայի շուկաներում իրականացված ոստիկանական գործողությունների ընթացքում: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով մայրաքաղաքի ոստիկանության մամլո ծառայությանը:
Բոլոր ձերբակալավածները, ենթադրվում է, որ կստուգվեն հանցագործությունների և օրինախախտումների մասնակցության մեջ: Ստուգողական շրջայցերը Ռուսաստանի մայրաքաղաքում շարունակվում են:
Մոսկվայի ոստիկանության կողմից այսպիսի քայլերի իրականացման առիթ է հանդիսացել Մատվեևյան շուկայում տեղի ունեցած միջադեպը: Մի խումբ տղամարդիկ և կանայք հուլիսի 27-ին հարձակվել էին մի ոստիկանի վրա, ով մասնակցում էր 15-ամյա աղջկան բռնաբարելու մեջ կասկածվող 18-ամյա Մահոմեդ Մահոմեդովի ձերբակալությանը:
Տուժող ոստիկանը՝ Անտոն Կուդրյաշովը, հավանաբար կաստետով գլխին հասցված հարվածի հետևանքով, ստացել է գանգոսկրի լուրջ վնասվածք: Օրենքի պահապանը հիմա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում և պիտի ենթարկվի լուրջ վիրահատության:
Սկզբում հարձակվողների դեմ հարուցվել է իշխանության ներկայացուցիչների նկատամամբ բռնություն գործադրելու մեղադրանք, սակայն Կուդրյաշովի լրջությամբ վիրավորված լինելու պատճառով այդ մեղադրանքը վերաորակավորվել է ոստիկանի դեմ մահափորձ կատարելու հոդվածով:
Կուդրյաշովի գործընկերներին, այնուամենայնիվ, հաջողվել է ձերբակալել ոչ միայն Մահոմեդովին, այլև հարձակվողների մի մասին: Մասնավորապես ձերբակալվածների մեջ է ոմն Խալիմաթ Ռասուլովա: Հաղորդվում է նաև, որ ձերբակալվել է Մահոմեդովի քույրը: Ինչ վերաբերում է ոստիկանի գլխին հարվածողին, ապա, ամենայն հավանականությամբ նրան հաջողվել է փախուստի դիմել: