Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր հայտնաբերվել ու ոստիկանություն է բերման ենթարկվել նախօրեին մահացու վնասվածքներից մահացած Հացիկ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վերգուշ Սարգսյանի որդին՝ Վարդան Ստեփանյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, Վարդան Ստեփանյանը ձերբակալված է, գործով նախաքննությունը շարունակվում է:
Հուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ: Մեկնած օպերատիվ խումբն, ըստ ոստիկանության, պարզել է, որ կինը Հացիկ գյուղի բնակչուհին նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, հարվածել և վնասվածքը պատճառել է որդին' 1976 թ. ծնված Վարդան Ստեփանյանը: Նույն օրը, ժամը 09.50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: