Վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի սադրած հրադադարի ռեժիմի խախտման փաստերը ավելացել են: Ադրբեջանցիների մշտական թիրախում գտնվող բնակավայրերից է Բաղանիս գյուղը, որտեղով անցնող միջպետական նշանակության ճանապարհը հակառակորդի մշտական թիրախի տակ է: Սակայն գյուղատնտեսական աշխատանքների և խոտհնձի եռուն շրջանում
հայ-ադրբեջանական սահմանը համեմատաբար խաղաղ է եղել, մարդիկ կարողացել են նորմալ զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Mediamall.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին լուրջ միջադեպը հայ-ադրբեջանական սահմանագծին եղել է հուլիսի 18-ի գիշերը, որը, սակայն, հայ սահմանապահների զգոնության և պատասխան գործողությունների արդյունքում կանխվել է:
Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Սահակյանը նշեց, որ հնարավոր սադրանքների ժամանակ զինվորական ղեկավարությունը զգուշացնում է իրեն, ինքն էլ շտապ տեղեկացնում է գյուղացիներին, որպեսզի զգոն լինեն հակառակորդի կրակոցների դեպքում:
Բանն այն է, որ համայնքի հողերի մեծ մասը, ինչպես նաև հիմնական արոտավայրերը գտնվում են հակառակորդի նշանառության տակ: Գյուղապետը նշեց նաև, որ միջպետական ճանապարհի ուղևորներին վտանգ սպառնալու դեպքում պետական պահպանության ծառայության աշխատակիցները փակում են ճանապարհը և առաջարկում են շրջանցիկ, առավել անվտանգ երթուղի:
Վարուժան Բաբաջանյան