168.am - Այս տարի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինան պատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ հետ Ասոցացման համաձայնագիրը: Մինչ այս Ռուսաստանն ամեն կերպ ջանում է ետ պահել իր հարևանին այդ քայլից և Ուկրաինային ներքաշել Մաքսային միություն՝ խաղարկելով թե´ գազի գինը, թե´ առևտրային հարաբերությունները և այլն: Մոսկվան ԵՄ-ի հետ Կիևի հարաբերությունների խորացումն անվանում է «ինքնասպան քայլ» և սպառնում առավել խիստ միջոցներ ձեռնարկել: Սակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ուկրաինայի Քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Իգոր Շևլյակովը, Կիևի որոշումն անխախտ է և ընտրած քաղաքական կողմնորոշումն անփոփոխ:

- Պարոն Շևլյակով, ինչպե՞ս եք գնահատում վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ Ռուսաստանի վարած տնտեսական քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ:

- Դեռևս ամբողջական, վստահելի տեղեկություններ չկան, թե ինչ է կատարվում: Կան որոշ լուրեր, որ Ռուսաստանի Դաշնությունն իրականացնում է քայլեր, որոնք նման են երկկողմ առևտրային հարաբերություններում Ուկրաինայի հանդեպ խտրական վերաբերմունքի և ճնշումների, միաժամանակ դրա մասին չկան ո´չ պաշտոնական հաստատումներ, ո´չ հերքումներ, ինչը մեկնաբանությունների մի քանի վարկածներ է հարուցում: Կա վարկած, որ իրականում այդ քայլերը պայմանավորված են Կրեմլի ցանկությամբ՝ թույլ չտալ, որ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիր կնքվի:

- Կարելի՞ է դա անվանել «տնտեսական պատճամիջոցներ կիրառելու փորձ»:

- Պատժամիջոցները պաշտոնական գործիք է: Բայց առայժմ պաշտոնապես ոչ մի որոշում, ոչ մի հայտարարություն, ոչ մի փաստաթուղթ չկա, կամ առնվազն ոչ մի տեղ չի հրապարակվել: Դրա համար դա ավելի շատ նման է առանձին գործողությունների, որոնք առավելապես կրում են հոգեբանական բնույթ և կոչված են ազդելու ուկրաինական գործարարների և քաղաքական գործիչների վրա, որպեսզի վախեցնեն, որ եթե Ուկրաինան չլսի Մոսկվային ու ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, այն պատժամիջոցները, որոնց մասին միայն խոսվել է, Մոսկվան դրանք կվերածի գործի ու կպատժի Կիևին:

- Ուկրաինան որքանո՞վ է պատրաստ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:

- Ուկրաինան դեռ հաշվարկում է, կարծիքները տարբեր են ու հակասական, բայց բավականին լուրջ հույս կա, որ ԵՄ հետ փոխհամաձայնություն ձեռք կբերվի և ստորագրումը կկայանա: Ռուսաստանը պետք է ուղղակի ընդունի դա որպես կատարված փաստ, քանի որ պաշտոնապես Ուկրաինայի և ԵՄ հարաբերությունների կողմ չի հանդիսանում: Սա երկու անկախ սուբյեկտների հարաբերություններ են: Ռուսաստանը փորձում է ազդել և դրա համար կիրառում է տարբեր՝ և´ քաղաքական, և´ տնտեսական գործիքներ:

- Ձեր կարծիքով՝ համաձայնագրի ստորագրման դեպքում Ռուսաստանը կխստացնի՞ իր վերաբերմունքը Ուկրաինայի հանդեպ, օրինակ՝ մաքսային հսկողությունը կամ այլ միջոցառումներ կիրառի:

- Բարդ է դեռ խոսել այն մասին, թե ինչ է անելու Ռուսաստանը համաձայնագրի ստորագրման դեպքում: Բնականաբար, Մոսկվան խիստ դժգոհ կլինի և դա կլինի Պուտինի անձնական պարտությունը: Այո, իհարկե, նա կփորձի վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր «մեղավոր» կլինեն ստորագրման հարցում՝ առաջին հրթին հարվածը կուղղվի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, կառավարության ղեկավար Միկոլա Ազարովի դեմ, բայց դժվար թե դա կրի անձնական բնույթ, ավել շուտ կլինեն քայլեր՝ ուղղված Ուկրաինայի տնտեսության, միջազգային վարկի դեմ:

- Երկրի տնտեսության համար դա ի՞նչ հետևանքներ կունենա:

- Մենք դեռ չգիտենք, թե կոնկետ ինչ քայլեր կձեռնարկվեն, բայց ամենայն հավանականությամբ, դրանք չեն նպաստի մեր առևտրի, տնտեսության զարգացմանը: Հավանաբար, ՌԴ-ն կսահմանափակի առևտրի ծավալները և, ըստ ամենայնի, Մոսկվան կանգ չի առնի, եթե անգամ դա չբխի ՌԴ տնտեսական շահերից ու ոչ միշտ շահավետ լինի ռուս սպառողների համար: Բայց, ամենայն հավանականությամբ, նման հարվածներ կլինեն, իսկ քանի որ Ուկրաինայի համար Ռուսաստանը շատ կարևոր առևտրային գործընկեր է, դա մեր արտահանման 1/4-ն է, և ամեն մի սահմանափակում կորոստ կլինի ուկրաինական բիզնեսի, տնտեսության և ընդհանուր առմամբ երկրի համար:

- Որոշ գնահատականներով՝ ԵՄ երկրներից ներմուծումը կաճի 4 միլիարդ դոլարով և դա վերջնականապես կսպանի Ուկրաինայի առևտրային հաշվեկշիռն ու կհանգեցնի դեֆոլտի: Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

- Ներկրումն ինքն իրենով չի կարող աճել, այն կաճի միայն եթե վճարունակ պահանջարկ լինի երկրի ներսում, իսկ եթե նման պահանջարկ չկա, բնականաբար, ներմուծման աճ չի լինի: Բայց եթե բնակչության վճարունակությունը բարձրանա, ավելացնելով պահանջարկը, դա կնշանակի, որ Ուկրաինայի տնտեսության վիճակը վատ չէ և դեֆոլտի մասին խոսելը վաղաժամ է: Ներմուծման ավելացումը, եթե այն մրցակցի ներքին արտադրողի հետ, դա իհարկե բացասաբար կանդրադառնա վճարունակության հաշվեկշռի վրա, որն Ուկրաինայում բոլորովին կայուն վիճակում չէ: Բայց մյուս կողմից՝ ԵՄ-ն, կնքելով նման համաձայնագիր, այդպիսով նպաստում է, որ սեփական բիզնեսն ուկրաինական շուկա դուրս գա, և սա նշանակում է, որ եվրոպական կառավարությունը և եվրոպական բիզնեսը հետաքրքրված կլինեն, որ Ուկրաինայում դեֆոլտ չլինի: Կարծում եմ, որ նման դեպքերում Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցույց կտրվի՝ վարկի և այլնի տեսքով:

- Նոյեմբերին Հայաստանը ևս նախատեսում է նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ և՞ս կխստացնի վերաբերմունքը և ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել:

- Կարծում եմ՝ Հայաստանը ևս համարվում է, եթե չասենք մոսկովյան ազդեցության տարածք, ապա ամենաքիչը' Կրեմլի հանդեպ չեզոք գոտի: Եվ ակնհայտ է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ դեպի իր հարևան երկրներ Եվրամիության ընդլայնմամբ: Դրա համար կարելի է ասել, որ Մոսկվան դա չի ընդունի ուրախությամբ, բայց կձեռնարկի՞ այնպիսի քայլեր, ինչպես հիմա է անում Ուկրաինայի հանդեպ, դժվար է ասել: