Tert.am-ը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ զրուցել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ։ Պատգամավորն անդրադառնում է այս համաձայնագրի տնտեսական հեռանկարներին, հնարավոր բացասական հետևանքներին, նաև նշում է, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ասվել է, որ տրամադրեն համաձայնագրի ամբողջական տեքստը և հրապարակեն այն։ Հրանտ Բագրատյանը նաև անդրադառնում է 2017-ին Հայաստանում նվազագույն աշխատավարձը 90.000 դրամի հասցնելու ՀՀ նախագահի վերջերս արած հայտարարությանը, նշում, թե որքանով է այն իրատեսական։
-Պարոն Բագրատյան, որպես ԱԺ պատգամավոր ի՞նչ տեղեկություն ունեք Ասոցացման պայմանագրից: Դիմե՞լ եք ԱԳՆ, հարցադրում արել, որ տեքստը Ձեզ տրամադրվի, և եթե չի տրամադրվել՝ ի՞նչ են Ձեզ պատասխանել:
- Ես ԱԳՆ դիմելու կարիք չունեմ։ Իբրև «Եվրանեսթ»-ի անդամ մայիսի վերջին ես Բրյուսելում մասնակցել եմ այդ համաձայնագրի տնտեսական բլոկին վերաբերող մի քանի հարցերի քննարկմանը։ Անշուշտ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև իշխող քաղաքական կուսակցության ներկայացուցիչներին ասվել է.«Տրամադրե՛ք ամբողջական տեքստը և հրապարակե՛ք»։
- Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է , որ դիմել էր ԵՄ ընդլայնման հարցերով և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, որը խոստացել էր, որ պայմանագիրը կհրապարակվի պատեհ պահի: Ըստ Ձեզ պատեհ պահը մինչև՞ նախաստորագրումն է, թե դրանից հետո:
- Տիկին Զոհրաբյանը նույնպես մասնակցել է բրյուսելյան քննարկումներին։ Շտեֆան Ֆյուլեի խոսքերը չեմ կարող մեկնաբանել։
- Կան Ասոցացման նախաստորագրման ջատագովներ և դեմ արտահայտվողներ և կա մի երրորդ խումբ, որը պնդում է, որ քանի դեռ տեքստը հրապարակված չէ, որևէ մեկը չի կարող պնդել այս կամ այն ուղղությանը ինտեգրվելու՝ Հայաստանի համար օգտակար, ճիշտ լինելու մասին: Ձե՛ր կարծիքը:
- Իմ կարծիքը ես արտահայտել եմ դեռևս փետրվարին՝ իբրև ՀՀ նախագահի թեկնածու։ Այն արմատապես տարբերվում էր ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տեղերը զբաղեցրած թեկնածուների մոտեցումներից։ Առաջին, նման հարցերը պետք է լուծել հանրաքվեով (նշել եմ Չեխիայի օրինակը)։ Երկրորդ, պատմական այս ժամանակահատվածում (աշխարհը շատ խառը օրեր է ապրում) ոչ մեկի հետ չստորագրել որևէ թուղթ, որով Հայաստանն ինքնիշխանության զիջումներ կարող է անել։ Երրորդ, ձեռնպահ մնալ այնպիսի նոր թղթերի ստորագրությունից, որոնք կարող են խանգարել նախկինում ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Այս պահի դրությամբ, որքանով ես եմ տեղեկացված, խնդրո առարկա համաձայնագիրը չի պակասեցնում մեր ինքնիշխանությունը և չի խանգարում այլ երկրների նկատմամբ ստանձնած պարտավորությունների իրականացմանը։ Նորից եմ ասում, որքանով ես եմ տեղեկացված։ Մնում է երրորդ պահը՝ հանրաքվեն, ժողովրդի «այո»-ն։
- Անձամբ ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում Ասոցացման համաձայնագրին միանալ-չմիանալու վերաբերյալ կոնսենսուսային մոտեցում կա՞:
- Եթե դա այն տեքստն է, որը ես գիտեմ, ապա հանրաքվեից հետո այն կարելի է ստորագրել։ ՀԱԿ կուսակցության մասով պիտի խնդրեմ, որ դիմեք իրենց։
- Կարող ե՞ք նշել , թե ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն ինչ տնտեսական հեռանկարներ կարող է ապահովել Հայաստանի համար:
- Տնտեսական առումով այն հնարավորություն կտա և՛ մեզ, և ՛եվրոպացիներին հեշտացնել կապերն ու առևտուրը։ Այստեղից, նկատի ունենալով, որ մենք ավելի վատ ու մաֆիոզ ձևով կազմակերպված տնտեսություն ունենք, հնարավոր է, որ սկզբնական շրջանում մեր առևտրի բացասական հաշվեկշիռը ԵՄ երկրների հետ էլ ավելի խորանա։ Ի վերջո, միջին հաշվով եվրոպացիք տնտեսապես մեզանից ավելի լավ են կազմակերպված։ Սկզբում նրանք ավելի շահեկան դրության մեջ կհայտնվեն։ Կկարողանանք հետագայում մենք շահել ավելի՞ն թե՝ ոչ, չգիտեմ։ Դա պայմանավորված է կառավարության գործունեության: Իսկ այն, իմ կարծիքով, չի ստացվում։
- Ներկայացրե՛ք Ռուսաստանի հնարավոր արձագանքների և հակաքայլերի մասին Ձեր պատկերացումները: Ռուսաստանի տնտեսական ներկայությունը Հայաստանում կկրճատվի՞ և ինչպես դա կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա:
- Հնարավոր է՝ ոչ մի բան էլ չլինի։ Հնարավոր է նաև գազի գնի թանկացում, հայկական ապրանքների նկատմամբ այլ ռեժիմների կիրառում, խնդիրներ, օրինակ՝ կոնյակի կամ գյուղմթերքների արտահանման գործում։ Ամենավտանգավորը ՌԴ-ից եկող տրանսֆերտների նկատմամբ որոշակի արգելանքներ դնելը, ռազմատեխնիկական համագործակցությունը և ռուսական ներդրումների սահմանափակումը։
- ՀՀ նախագահը խոստացավ մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձը հասցնել 90 000 դրամի: Իրատեսական համարում ե՞ք, եթե, այո, ապա ինչ միջոցների հաշվին է, ըստ Ձեզ, դա լինելու:
- Իմ նախագահական ծրագրում ես առաջարկել էի 111 հազ դրամ (2017-ի համար), իսկ օրենսդրական նախաձեռնությամբ արդեն 2013-ից՝ 72.5 հազ դրամ։ Առաջարկները մերժվել են, բայց ահա նախագահն է նման նախաձեռնություն հադես բերում։ Այս առումով մոտեցումը հետաքրքիր է։ Հետաքրքիր է նաև այն, որ ընդամենը 4 ամիս առաջ, երբ կառավարությունն ԱԺ էր ներկայացրել 5-ամյա տնտեսական ծրագիր, դրանով նվազագույն աշխատավարձը 2017-ին նախատեսվում էր, կարծեմ, ընդամենը 65 հազ դրամ։ Նախագահն ինչ-որ կտրուկ այլ բան է ասում, քան կառավարությունը։ Նրա մոտեցումն ավելի նման է մեր մոտեցմանը։ Իսկ մեզ համար նվազագույն աշխատավարձի նկատմամբ ճիշտ քաղաքականությունը ստվերային տնտեսություն կրճատելու հզոր գործիք է։ Մեծ հաշվով, նվազագույն աշխատավարձի բարձրացումն աշխատավարձի իրական բարձրացման հետ ուղղակի կապ չունի։ Պարտադիր չի, որ դրա բարձրացումը հանգեցնի աշխատավարձի բարձրացման և լրացուցիչ լուրջ ծախսեր պահանջի։
- Չի բացառվում, որ իրականացվելիք սահմանադրական փոփոխությունների արդյունքում անցում կատարվի կառավարման պառլամենտական ձևին: Կիսու՞մ եք գնահատականը, որ Հայաստանի նման երկրներում պետք է նախագահական կամ գործող կիսանախագահական ուժեղ ինստիտուտ:
- Ես, ինչպես փետրվարին, այնպես էլ հիմա գտնում եմ, որ Հայաստանին ուժեղ նախագահական համակարգ է պետք։ Տեսե՛ք, եթե այս երկրում ինչ-որ քաղաքական դիլեմա լինում է, ապա միմիայն նախագահական ընտրությունների պարագայում։ Խորհրդարանական ընտրությունների ելքը միշտ էլ կանխորոշված է. հաղթում են հարուստները, թաղային հեղինակությունները, ինչ-որ տեղ՝ նաև գողականները։ Ուժեղ նախագահական ինստիտուտի վերացումը կարող է բերել պետության կորստի։