Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Սիրիայի թշնամիներ» է անվանել բոլոր նրանց, ովքեր գործում են իր երկրի շահերի դեմ: Նա հարցազրույց է տվել ֆրանսիական «Ֆիգարո» թերթին, որի որոշ հատվածներ հրապարակվել են պարբերականի կայքում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Բոլոր նրանք, ովքեր խթանում են ահաբեկիչների ֆինանսական և ռազմական հզորացումը, սիրիական ազգի թշնամիներ են: Բոլոր նրանք, ովքեր գործում են Սիրիայի և նրա քաղաքացիների դեմ, թշնամի են համարվում: Ֆրանսիական ազգը մեր թշնամին չէ, սակայն նրա քաղաքականությունը թշնամական է սիրիացիների նկատմամբ: Եվ քանի դեռ ֆրանսիական պետության քաղաքականությունը թշնամական է սիրիական ազգի նկատմամբ, այդ պետությունը մնում է մեր թշնամին: Այդ թշնամությունը կանցնի, երբ ֆրանսիական պետությունը փոխի իր քաղաքականությունը»,-ասել է Ասադը:
Դամասկոսի մոտակայքում քիմիական զենք գործածելու մեղադրանքներին Սիրիայի նախագահը պատասխանել է, որ մինչ այսօր որևէ ապացույց չի ստացել իր բանակի մեղավորության մասին:
«Մենք մարտահրավեր ենք նետել ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ պահանջելով ներկայացնել գոնե 1 ապացույց: Օբաման և Օլանդը չկարողացան դա անել նույնիսկ իրենց ժողովրդի առաջ»,-ասել է Բաշար Ասադը:
Ըստ սիրիական նախագահի, խոսքը չի գնում այն մասին, թե արդյո՞ք սիրիական զորքերը ունեն նման զենք, թե ոչ: Նա նշել է, որ տրամաբանական չէ այն փաստը, որ իր բանակը քիմիական զենք կօգտագործի հենց այն հատվածում, որտեղ գտնվում է հենց բանակը, ինչի արդյունքում մեծ թվով զինվորականներ են տուժել նման զենքից: Նա նշել է, որ այդ փաստն արձանագրվել է ՄԱԿ-ի տեսուչների կողմից, ովքեր այցելել են հիվանդանոց:
Ասադը նաև խոսել է ուժային հնարավոր պատասխան հարված հասցնելու մասին՝ նշելով, որ այդ քայլը վտանգավոր է տարածաշրջանի համար:
«Պետք է խոսել ոչ միայն սիրիական պատասխանի մասին, այլ նաև մասին, թե ինչ կարող է լինել առաջին հարվածից հետո: Իրականում ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի: Իրավիճակն ամբողջովին դուրս կգա վերահսկողությունից՝ վառոդի տակառը կպայթի: Կիշխի քաոսը և կտարածվի ծայրահեղականությունը: Կա տարածաշրջանային պատերազմի վտանգ»,-ասել է Սիրիայի նախագահը: