Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը:

Կուսակցության տարածած հայտարարության համաձայն, դա վտանգում և հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության հետագա ինքնիշխանությունը' սահմանափակելով ՀՀ զարգացման հեռանկարը։

«Սեպտեմբերի 3–ին Սերժ Սարգսյանի Մոսկվայում կատարած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ–ն մտադրված է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին, իրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անկախությանն ու ինքնիշխանությանը։

Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։ Մաքսային և Եվրասիական միությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ Ռուսաստանի կայսերապաշտական հավակնությունների իրականացում և նախկին հետխորհրդային երկրներին ինքնիշխանությունից զրկելուն ուղղված քայլ։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է ի դեմս Սերժ Սարգսյանի' ՀՀ իշխանությունների նման քայլը, որը վտանգում և հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության հետագա ինքնիշխանությունը' սահմանափակելով ՀՀ զարգացման հեռանկարը։ ՀՀ իշխանությունների այս որոշումը պետականության դեմ ուղղված քայլ է և նշանակում է վերադարձ նորացված կայսերական համակարգ։ Մենք այս գործընթացը գնահատում ենք իբրև հակասահմանադրական քայլ, քանզի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114–րդ հոդվածի համաձայն' «Սահմանադրության 1–ին, 2–րդ և 114–րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։

Մենք անընդունելի ենք համարում այս քայլը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտնագությամբ քողարկելու միտումները, քանզի ավելի մեծ հարված ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, քան Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերի թուլացումն է, հնարավոր չէ պատկերացնել։

Անթույլատրելի է ՀՀ անկախության 22–ամյակի նախաշեմին անկախության կորստին ուղղված քայլեր իրականացնել։ Կոչ ենք անում ՀՀ բոլոր շահագրգիռ անձանց համախմբվել ու թույլ չտալ սակարկման դնել Հայասատանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը։ Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա որոշումներով վտանգի տակ դնել մեր պետության և ՀՀ քաղաքացիների ապագան' ՀՀ քաղաքացին պետք է տեր կանգնի Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքին («Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», Սահմանադրություն, Հոդված 2) և ինքը որոշի սեփական պետության զարգացման ուղին»,-ասված է Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ: