«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հկ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն այս տարի բանջարեղենի գնի լուրջ աճ է արձանագրել: Tert.am-ին նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լոլիկի 100% գնաճ է նկատվել: Համապատասխանաբար 30%-ով աճ է նկատվել է նաև սմբուկի և պղպեղի գներում:
«Տարվա մեջ բանջարեղենի ամենապիկ սեզոնն է, բայց գները դեռ չեն իջնում, ինչը պայմանավորված է ցանքատարածությունների էական կրճատումով, որն էլ իր հերթին արտագաղթի հետևանք է»,-ասաց նա:
Վերջինիս տեղեկացմամբ՝ պտուղներից խնձորն ու սալորը նույնպես շատ վատ վիճակում են: Խնձորի բերքն անցած տարվա համեմատ քիչ է: Իսկ դրա պատճառն այն է, որ վերջին տարիներին պատշաճ որակի տնկանյութ չի մատակարարվել տնտեսություններին:
«Լավ է ծիրանի վիճակը, մոտ 30-40% բերքի ծավալի աճ ենք ունեցել, որակական խնդիրներ ունեցել ենք, իսկ ծիրանի հետ կապված հայտարարում էին, որ այն կլինի 500-600 դրամ, սակայն արդյունքում եղավ այն, որ բավականին չափով բերք ուղղակի այգիներում փչացավ: Խաղողի բերք դեռ սպասում ենք, կարծում եմ, թե անցած տարվա քանակը կապահովվեն, դեղձը հաջող է, մոտ 30-40% ծավալի աճ կա, բայց ինչպես տեսնում ենք, շուկայում գները դեռ չեն իջնում»,-ասաց նա:
Պտուղ-բանջարեղենի գների՝ այս ընթացքում բարձր լինելը Հրաչ Բերբերյանը պայմանավորեց նրանով, որ այս տարի էապես կրճատվել են ցանքատարածությունները, այդ թվում՝ կարտոֆիլի ցանքատարածությունները: Ըստ նրա՝ կարտոֆիլն անցած տարվա համեմատ գրեթե կրկնակի թանկ է այսօր: Իսկ ցանքատարածությունների նվազման մասին ասաց, որ իրենց հաշվարկներով՝ խոսքը 7-8 հազար հա-ի մասին է:
Ձմերուկի մասին նա նույնպես նշեց, որ խայտառակ վիճակ է, ինչը նույնպես ցանքատարածությունների պակասի հետևանք է:
Մանրամասներն` այստեղ: