www.tert.am Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց անող երեք երիտասարդներին այսօր սատարելու գնացած մի խումբ ակտիվիստների, ինչպես նաև նստացույց անողներից Վահագն Մինասյանին, ոստիկանները բռնի կերպով թույլ չեն տվել մասնակցել ավագանու բաց նիստին և բերման են ենթարկել Ոստիկանություն: Այս մասին Tert.am-ին ասաց Վահագն Մինասյանը:
Ըստ նրա՝ իրեն և ևս 8 հոգու երեք ժամով տարել են Ոստիկանություն՝ պատճառաբանելով, թե իրենք չեն կատարել քաղաքապետարանի շենք չմտնելու ոստիկանների ն օրինական պահանջը: «Ապօրինի են մեզ տարել, իբր ոստիկանի պահանջը չենք կատարել, բայց քաղաքապետարանում բաց նիստ էր, մենք փորձեցինք անձնագրով մտնել, խոչընդոտեցին, քաշքշեցին բավականին կոպիտ ձևով»,- ասաց Վահագն Մինասյանը:
Նշենք, որ արդեն 45 օր է Գոռ Առաքելյանը, Վահագն Մինասյանը և Սուրեն Սահակյանը քաղաքապետարանի դիմաց տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականի պահանջով նստացույց են անում: