ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Եվրոպական Միության Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Մոսկվայի համար աղետալի չի լինի, սակայն տնտեսական փոխգործակցության ծավալները ստորագրման դեպքում կնվազեն, տեղեկացնում է Взгляд-ը:
«ԵՄ-ի հետ պայմանագրի կնքման դեպքում ողբերգություն տեղի չի ունենա, մենք հետագայում էլ կհամագործակցենք, սակայն տնտեսական փոխգործակցությունը կնվազի», - ասել է Մեդվեդևը:
Վարչապետը հավելել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի և ԵՄ Ասոցացման համաձայնագրի կամ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, վերջնագիր չեն:
Կառավարության ղեկավարը նաև հաստատել է, որ Ռուսաստանը՝ Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո, ԱՊՀ շրջանակներում տնտեսական պաշտպանության միջոցառումներ կձեռնարկի:
Նա պարզաբանել է, որ երբ Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրի, հավանաբար եվրոպական ապրանքների մեծ հոսք կունենա, ինչի արդյունքում, վերջին հաշվով, եվրոպական ապրանքները կարող են հայտնվել նաև ռուսական շուկայում:
«Մենք չենք կարող անտարբեր մնալ», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Կիևը մտադիր է ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին՝ Վիլնյուսում: