Եթե Կոկս-Կվասնեվսկու մոնիտորինգային խումբը հոկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանում դրական եզրակացություն չներկայացնի, ապա Եվրամիության և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում «խնդիրներ կառաջանան»: «Украинская правда» պարբերականի փոխանցմամբ, Յալթայում «Yes» ամենամյա հանդիպման ժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ քննարկման ընթացքում այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկը:
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ մինչև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը պետք է կատարվեն բոլոր պահանջները: Առաջին խնդիրը Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված ընտրողական արդարադատությունն է: Եթե պարոն Կոկսը և պարոն Կվասնեվսկին չկարողանան հոկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանում դրական եզրակացություն ներկայացնել, ապա մենք խնդիրներ կունենանք»,- նշել է Է. Բրոկը:
Նրա կարծիքով' դեռ ժամանակ և հնարավորություն կա Յուլիա Տիմոշենկոյի գործի լուծման համար. «Դեռ հնարավոր է լուծում, որը կօգնի ստորագրել վիլնյուսյան համաձայնագիրը»,- ասել է Է. Բրոկը:
Իր հերթին Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին, ով նույնպես մասնակցել է քննարկմանը, հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը «թերագնահատում է անհատի դերը պատմության մեջ»:
«Տիմոշենկոյի հարցը մեծ կարևորության հարց է, որը չի կարելի անտեսել: Տիմոշենկոյի գործը վստահության հարց է: Սա վստահության և Ուկրաինայի ղեկավարության որակի քննություն է: Ուկրաինայի նախագահը պետք է մոտ ժամանակներում ինչ-որ քայլեր ձեռնարկի»,- ընդգծել է Լեհաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում Եվրամիությունը նախատեսում է Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի պայմանագիր ստորագրել Ուկրաինայի և նախաստորագրել' Վրաստանի ու Մոլդովայի հետ:
Ասոցացման համաձայնագրի հաջող ստորագրման համար Ուկրաինան պարտավորվել է առաջընթաց արձանագրել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատական գործում, իրականացնել բարեփոխումներ արդարադատության և ընտրական օրենսդրության ոլորտներում: