Այսօր՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրը, 11-րդ անգամ անցկացվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը, որի արդյունքներով մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը' Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվել է Երևանի քաղաքապետարանին' որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովին' որպես ՀՀ ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայություն, մրցանակաբաշխության արդյունքներով ՀՀ կառավարության աշխատակազմին շնորհվել է հատուկ մրցանակ՝ «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը Հայաստանի Գործողությունների պլանի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով մրցանակի կապակցությամբ՝ նշել է, որ ՀՀ կառավարությունն այս տարի ևս Մեծ Բրիտանիայում մասնակցելու է այդ նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցող կոնֆերանսին: «Դա այն հետևողական քաղաքականությունն է, որը մենք իրականացնում ենք վարչապետի ղեկավարության ներքո»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:
Հատուկ մրցանակի է արժանացել նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ 2013 թ.-ին տեղեկատվության ազատության ամենաշատ էլեկտրոնային հարցումներին ժամանակին և լիարժեք պատասխաններ տալու համար:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին, որը խորհրդանշում է բաց և հրապարակային աշխատանքը, շնորհվել է ՀՀ Ֆինանսների նախարարությանը' որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգին' www.e-register.am' որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին' որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն, Panorama.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին' որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր, Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին' որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:
2013թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններ են ճանաչվել ՀՀ Քաղաքաշինության, ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները, ինչպես նաև «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:
Մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Մեր այս հանդիպումը դարձել է ավանդական, քանի որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն աջակցում է այս նախաձեռնությանը: Մենք հասարակական կազմակերպությունների հետ միասին հետևում ենք, թե ինչ վիճակում է գտնվում տեղեկատվության հասանելիության աստիճանը մեր քաղաքացիների համար»,– ասել է նա։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհը նորագույն հնարավորություններ է ստեղծում տեղեկատվության տրամադրման համար և մեր քաղաքացիների համար բացառիկ հնարավորություն՝ վերահսկելու իշխանություններին:
«Դա նշանակում է, որ իշխանությունները, օգտվելով այդ հնարավորություններից, պարտավոր են իրենց գործունեության մեջ լինել բաց և թափանցիկ, իսկ հասարակությունն իրավունք ունի վերլուծել այդ տեղեկատվությունը, պահանջել այն հարցերի պատասխանները, որոնք այսօր գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում» ,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի նմանատիպ հասարակական նախաձեռնությունները Հայաստանի Հանրապետությունում ունենան հաջողություն, քանի որ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում հենց այս նախաձեռնությունն ունի էական դերակատարություն:
«Մյուս կողմից կարևոր է ուղղորդել ՀԿ-ներին, որպեսզի նրանք նույնպես զգան պատասխանատվություն մեր պետության ապագայի նկատմամբ և իրենց բնագավառներում լինեն տեղեկատվության տարածման պատասխանատու, քանի որ նրանք են ձևավորում հասարակական կարծիք և արժեքներ, որոնք կերտում են մեր ժողովրդի ապագան: Պետության և հասարակության կապը տեղի է ունենում տեղեկատվության միջոցով, դա նշանակում է, որ այն պետք է լինի օբյեկտիվ և անաչառ»,- ընդգծել է վարչապետը: