Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սիփան գյուղում: Հրդեհվել է գյուղի բնակիչներից մեկին պատկանող խոտի դեզը, ինչի արդյունքում այրվել է 2000 հակ խոտ (անասնակեր): Լրատվականներից հետ զրույցում Սիփանի գյուղապետ Թենգիզ Մամոյանն ասաց, որ ամեն ինչ վայրկյանների ընթացքում է տեղի ունեցել. «Դեզի տերը տանը չէր, հարևաններն են նկատել, սկսել են սեփական ուժերով մարել հրդեհը, նաև 9-11 ենք զանգել, սկզբից մերոնք էին ուզում մարել, բայց օգնություն խնդրեցին նաև Լոռու մարզի Սպիտակի և Ապարանի հրշեջներից, որոնք ևս օգնության եկան կարճ ժամանակում»,- ասաց նա: Գյուղապետի փոխանցմամբ' 2 դեզ է եղել, կրակը ամբողջությամբ ոչնչացրել է մի դեզը՝ 2000 հակ, իսկ մյուս' 1300 հակ խոտը հնարավոր է եղել փրկել: Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, գյուղապետը տեղյակ չէ: Նա միայն գիտի այն, որ սեփականատերը լուրջ վնասներ է կրել: