Քիչ առաջ, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
«Mitsubishi Io» մակնիշի 30 ԼՏ 934 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 34-ամյա Կարեն Բունիաթյանը՝ նշված ավտոմեքենայով, Սեվան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, Գավառի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել, Արագածոտնի մարզի բնակիչ Դավիթ Կարապետյանին:
Դ. Կարապետյանը տեղում մահացել է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածի հետ են եղել կինը և էլի հարազատներ, ովքեր փորձել են հաշվեհարդար տեսնել վրաերթ կատարող վարորդի հետ, ինչը կանխվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների կողմից: Քիչ առաջ, ՃՈ հետաքննիչ Կարեն Գալստյանն, իր ավտոմեքենայով վարորդին տեղափոխեց ոստիկանության Գավառի բաժին, իսկ դեպքի վայրում բավականին լարված աշխատում են Գավառի ոստիկանները՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի և Գավառի քննչական բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետ Արսեն Մանուկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի հետևանքով մահացած Դ. Կարապետյանը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությնա N զորամասում, որպես գումարտակի հրամանատար : Կոչումով մայոր է: