«Օրերս ՀՀ կենտրոնական բանկը հրապարակեց ԿԲ խորհրդի նիստի արձանագրությունը, որտեղ մի չափազանց ուշագրավ տեղեկատվություն կար։ Ըստ այդմ՝ պարենի միջազգային կազմակերպությունը հաշվարկել էր, որ պարենամթերքի միջազգային գները, օրինակ օգոստոս ամսին, անցած տարվա օգոստոսի համեմատ նվազել են 5.1 տոկոսով։ Իսկ ահա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանում նույն ժամանակահատվածում պարենամթերքը թանկացել է 10 տոկոսով։ Ժամանակակից տնտեսագիտության կանոններով՝ սա կարող է ունենալ միայն մի բացատրություն, եթե աշխարհում պարենամթերքը էժանանում է, իսկ Հայաստանում թանկանում, ապա Հայաստանում չկա ազատ մրցակցություն։

 

Խնդիրն այն է, որ ազատ մրցակցության պայմաններում Հայաստան ներկրվող պարենամթերքը պետք է էժանանա մոտավորապես այնքան, որքան էժանացել է աշխարհում։ Սակայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթադչյանը բոլորովին այլ կարծիքի է։ Նրան խնդրեցինք մեկնաբանել, թե որն է պատճառը, որ Հայաստանում պարենամթերքը թանկանում է։ Գուցե մրցակցության հետ կապված խնդիրնե՞ր կան։ «Չեմ կարծում, որ մրցակցության հետ կապված խնդիրներ կան, որովհետև մրցակցության հետ կապված ցանկացած խնդիր մենք ուսումնասիրում ենք»,– ասաց պրն Ղալթադչյանը։ և ուրեմն, պարենի միջազգային գների կտրուկ անկման պայմաններում պարենամթերքի կտրուկ թանկացումը Հայաստանում դառնում է դարի տնտեսագիտական հանելուկը։ Հանելուկի միակ լուծումը կարող էր լինել մրցակցության բացակայությունը Հայաստանում, այն էլ պարզվեց, որ նման բան չկա։ Չկա, որովհետև մեր ՏՄՊՊՀ-ն աչալուրջ կերպով «ցանկացած խնդիր ուսումնասիրում է»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: