Երեկ փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մշակված օրենքի նախագծից, ըստ որի նրանց վրա դրվում է հավելյալ տուրքի վճարման պարտավորություն: Նույն օրենքի նախագիծը Պաշտպանին կարծիքի էր ուղարկվել նաև ՀՀ Արդարադատության նախարարության կողմից:

Ուսումնասիրելով օրենքի նախագիծը՝ պաշտպանը պարզեց, որ առաջին հերթին խնդրահարույց է այն, որ Արդարադատության նախարարությունը միջամտում է փաստաբանների անկախ գործունեությանը՝ իր վրա վերցնելով փաստաբանների գրանցամատյանի վարման գործառույթը, ինչի համար նաև գանձում է հավելյալ տուրք:

Բացի այդ, ընդունելի չէ այն հիմնավորումը, որ փաստաբաններից գանձվող տուրքը նախատեսվում է ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, քանի որ այդ գրասենյակի պահպանումը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը: Ուստի ելնելով վերոգրյալից' Պաշտպանը առաջարկել է նախարարին վերանայել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը և պատշաճ կերպով շահագրգիռ անձանց հետ քննարկելուց հետո միայն դնել համապատասխան շրջանառության մեջ՝ հաշվի առնելով մեր կողմից նշված դիտողությունները: