Ու թե ինչ արժեք ունի ՀՀ «Անհատական տվյալների մասին» օրենքը

Ալվարդ Գասպարյան

Հայաստանում, հասկանալի պատճառներով, հանրային կառավարման հայեցակարգը շարունակում է հենվել հնացած սկզբունքների ու մտածողության վրա՝ արհամարհելով ներկա հասարակական պահանջներն ու զարգացումները: Կարեւոր որոշումները կայացվում են «կենտրոնում», իսկ քաղաքացին, լինելով հիերարխիայի ստորին օղակը, պետք է պարզապես հլու-հնազանդ ընդունի այդ հրահանգները որպես «բարեփոխումներ», անգամ եթե դրանք ոտնահարում են նրա հիմնարար իրավունքներն ու շահերը: Եւ եթե քաղաքացին բողոքում է եւ պահանջում հարգել իր իրավունքները, սա դիտվում է որպես «հասարակական կարգի խախտում» եւ ճնշվում հնարավոր բոլոր միջոցներով: Բաց ու թափանցիկ հանրային քննարկումներն այդպես էլ կարեւոր որոշումների կայացման գործընթաց չեն մտնում, իսկ երբեմն ստեղծվող խորհուրդներն ու հանձնաժողովները հանրությանն ավելի շեղելու եւ խնդիրները խեղդելու նպատակ են հետապնդում:

Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)՝ լավ կառավարումը սահմանվում է (տես' էջ 6-7) որպես «քաղաքական, տնտեսական ու վարչական կառույց, որը տնօրինում է երկրի գործերը: Այն մեխանիզմների, գործընթացների, հարաբերությունների եւ հաստատությունների մի համակարգ է, որի միջոցով քաղաքացիներն ու խմբերը արտահայտում են իրենց շահերը, իրագործում իրենց իրավունքներն ու պարտականությունները, նաեւ՝ քննարկում միմյանց միջեւ եղած տարբերությունները: Այս հայեցակարգում Պետությունը իշխանություն գործադրող հաստատություններից մեկն է միայն: Իսկ մասնավոր ոլորտն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարեւոր դեր ունեն քաղաքացիների շահերի ձեւակերպման ու իրավունքների իրագործման խնդրում: Կառավարությունը, քաղաքական կառավարում իրականացնելուց բացի, նաեւ պիտի արդյունավետ կերպով համագործակցի մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ' ի նպաստ հանրային նպատակների ու խնդիրների:»

Մոտ երկու տասնամյակ Հայաստանի կառավարությունը եվրոպական ու միջազգային այլ կառույցներից շարունակ ստացել է հսկայական դրամաշնորհներ ու տարատեսակ աջակցություն' իբր հանրային կառավարումը արդիականացնելու նպատակով: Սակայն իրականում սկբունքային փոփոխություններ այդպես էլ տեղի չեն ունեցել. հանրային որոշումների կայացման ու կառավարման գործընթացում քաղաքացու եւ քաղաքացիական կազմակերպությունների համար որոշիչ դերակատարում նախատեսված չէ: Եւ փողոցն ու հրապարակը, հիմա նաեւ էլ. հրապարակներն ու ֆորումները դառնում են քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության հիմնական միջոցն ու միջավայրը:

Այս համատեքստում ակտիվ քաղաքացիների անվտանգությունը եւ նրանց անձնական կյանքի պաշտպանությունը հրատապ խնդիր են դառնում: Սակայն անձնական կամ մասնավոր տվյալների գաղտնիության թեման առանձնապես հանրային մեծ հնչեղության մինչ այժմ չի արժանացել, չնայած առկա բազմաթիվ օրինախախտումներին: Ճիշտ է, որ վերջերս այս թեման ավելի հաճախ է արծարծվում զանգվածային լրատվության միջոցների էջերում, մասնավորապես՝ կապված Երեւանի քաղաքապետարանի ու ոստիկանության կողմից քաղաքացիական ակտիվիստների վերաբերյալ տվյալներ հավաքելու մեթոդների հետ: Մտաբերում եմ մի ակտիվիստի հոր բաց նամակը Երեւանի քաղաքապետին, որում նա խոսում էր իրենց ընտանեկան կյանքին միջամտելու եւ ակտիվիստին վախեցնելու ամոթալի ու անօրինական գործելաոճի մասին: Մեկ այլ թեմա է կայանատեղիի համար վճարող վարորդի անձնական տվյալների պաշտպանությունը: Որեւէ մեկը մանրակրկիտ հաշվետվություն տվե՞լ է, թե ինչպես են պահպանվելու այս տվյալները:

Որքան տեղյակ եմ, նման հարցադրումները սովորաբար նոր հարթություն չեն մտնում դատական համակարգի հանդեպ անվստահության, բայց նաեւ՝ ժառանգած մշակույթի պատճառով: Մշակույթ, որտեղ անձի յուրաքանչյուր իրավունք մի վայրկյանում կարող է փոշիացվել «ազգային անվտանգության» կրունկի տակ, որտեղ մասնավոր կյանքն արժեւորված չէ որպես մասնավոր սեփականություն, իսկ հասարակ մեկի մասնավոր սեփականությունն էլ ամեն վայրկյան կարող են ձեռքից առնել' «հանրային շահի» քողի տակ: Հիշենք Երեւանի բնակիչներից նրանց անշարժ գույքը խլելու եւ ոչնչացնելու անհամար անօրինականությունները:

Հայտնի է, որ զարգացած տնտեսություններում անձնական տվյալների պաշտպանության հանդեպ հանրային գիտակցությունն անհամեմատ ավելի զգայուն ու պահանջկոտ է, եւ բնականորեն' օրենքներն էլ ավելի խիստ: Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացումը նորանոր հնարավորություններ է ընձեռում անձնական տվյալների կուտակման եւ տարատեսակ կիրառությունների համար: Եւ այս համատեքստում անձնական ազատությունների ու հանրային տարբեր շահերի ու միջամտությունների հակասությունը արեւմտյան մեդիայում, քաղաքական ու ակադեմիական շրջանակներում պարբերաբար քննարկվող թեմա է: Էդուարդ Սնոուդենի շուրջ եղած սկանդալը քաղաքացու' իր անձնական կյանքը տնօրինելու ազատության եւ պետական անվտանգության շահերի բախման մասին է:

Այսօր «Google», «Facebook» եւ բազում այլ ցանցային ընկերություններ, որոնք կուտակում ու մշակում են իրենց օգտատերերին վերաբերող անձնական տվյալներ, օրենսդիրների հետեւողական հսկողության դաշտում են եւ հաճախ ստիպված են լինում վերանայել այս ասպարեզում իրենց որդեգրած քաղաքականությունը: Մի շարք քաղաքացիների հեռախոսազրույցները լսելու, նրանց անձնական կյանքին միջամտելու նախադեպերը վերջերս հսկայական սկանդալ առաջացրին Մեծ Բրիտանիայում, որին հաջորդեց ավելի քան մեկ տարի ընթացող հանրային դատական հարցաքննումը («Leveson Inquiry»), որի նպատակն էր բացահայտել մամուլի եւ քաղաքական գործիչների, մամուլի եւ ոստիկանության միջեւ եղած շփումների էթիկան ու մշակույթը: Սրան զուգահեռ, դատարանը պատժեց բոլոր նրանց, այդ թվում բավական ազդեցիկ ղեկավարների, ովքեր նպաստել կամ մասնակցել էին որոշ քաղաքացիների վերաբերյալ անձնական տվյալների անօրինական կուտակման ու տարածման դեպքերին:

Վստահ եմ, որ Հայաստանում իրենց անձնական կյանքի գաղտնիությունը պաշտպանելիս շատերն են բախվել անօգնական լինելու ցավալի իրողությանը: Նախընտրել ենք լռել՝ հասկանալով, որ մեր դատարանը եվրոպական դատարան չէ, մանավանդ երբ խոսքը հասարակ քաղաքացու եւ ոչ, ասենք, Ռ. Քոչարյանի ընտանիքի իրավունքների մասին է: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ մեր կյանքի տարբեր ասպարեզներում ՏՀՏ ընդլայնվող կիրառություններին զուգընթաց անձնական տվյալների պաշտպանության խնդիրը դառնալու է ավելի ու ավելի հրատապ:

Իրականում, այս խնդիրը վաղուց արդեն հրատապ է, այնքան հրատապ, որքան հանրային տարբեր որոշումների ու «բարեփոխումների» որակն ու արդյունավետությունը վերահսկելու մեր ցանկությունը: Քույրս պատմում էր, որ միջնակարգ դպրոցներում կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով գործել կամ դեռեւս գործում էր թեժ գիծ, որով մարդիկ կարող էին հայտնել նկատված տարբեր օրինախախտումների մասին: Սակայն այն, որ բողոքողը պիտի հայտներ իր անունը, քրոջս հետ պահեց նման մի զանգից, քանի որ վստահ էր, որ տհաճ պատմության մեջ էր ընկնելու: Այս պահին Ինտերնետում «ՀՀ կառավարության թեժ գիծ» որոնումս առաջարկեց, օրինակ, այս փաստաթուղթը, որում թվարկված են այս նպատակին ծառայող բազմաթիվ հեռախոսահամարներ (նկատենք, որ այն պատրաստվել է ԱՄՆ կառավարության/USAID աջակցությամբ): Ի՞նչ եք կարծում, օրինակ, քանի՞ գյուղացի կզանգի ու կբողոքի գյուղապետի անօրինական գործունեությունից՝ իմանալով, որ պիտի հայտնի իր անունը: Ի սկզբանե պարզ է, որ վստահված տեղեկությունը գաղտնի չի պահվելու, քանի որ քաղաքացուն հարգելն ու նրա տվյալները պաշտպանելը հանրային ծառայությունների արժեհամակարգից դուրս են: Միակ եզրակացությունս այն է, որ այս թեժ գծերը հիմնականում ձեւական բնույթ են կրում, եւ քաղաքացուն լսելն ու խորքային խնդիրների մասին տեղեկանալը ամենեւին հանրային ծառայությունների պլանների մեջ չէ: Ընդհակառակը, միգուցե բողոքողից անձնական տվյալներ վերցնելը նրան խրտնեցնելու նպատա՞կ ունի:

Վերջերս միամտություն ունեցա ընկնելու այս ծուղակը: Հեռուստատեսությամբ թմբկահարվում էր «ՀայՓոստի» լայնածավալ բարեփոխումների մասին, եւ ես ոգեւորվեցի ու որոշեցի զանգահարել այս կազմակերպություն ու հայտնել մեր գյուղի փոստատանը թոշակներից գումարներ գանձելու սովորության մասին: Թոշակառու հայրս տեղյակ չէր այս զանգի մասին, կարգելեր, եթե իմանար, քանի որ վաղուց կորցրել է հավատը օրենքի ու արդարության հանդեպ: Եւ հետո, խորհրդային տարիներից նրա համար սովորական բան էր փոստատան աշխատակցին գումար թողնելը:

«ՀայՓոստի» աշխատակիցը խնդրեց, որ տրամադրեմ իմ ու հայրիկիս անուն-ազգանունը՝ բացատրելով, որ միայն այդ կերպ կարող են գրանցել բողոքս: Ապա հավաստիացրեց, որ հանգիստ լինեմ տվյալներիս գաղտնիության համար: Հետո մեկ այլ աշխատակից միացավ զրույցին՝ ինձ կրկին հավաստիացնելու եւ վերջնականապես համոզելու, որ անհոգ լինեմ… Դժվարությամբ, բայց որոշեցի հավատալ՝ սրտիս խորքում կանխազգալով, որ արածս հիմարություն էր: Մեկ օր էր անհրաժեշտ սրանում համոզվելու համար: Մեկ օր անց պիտի հաշիվ տայի փոստատան աշխատակցին, հորս ու ընտանիքիս, նաեւ՝ ինձ, թե այդ ի՞նչ քամի էր գլխիս փչել, որ որոշել էի ընտանիքիս անվտանգությունը զոհաբերել մի քանի կոպեկի պատճառով: Ինչպե՞ս կարող էի մոռանալ, որ մեր երկրում բոլոր մեծ ու փոքր աթոռատերերը պատահական մարդիկ չեն ու մեկը մյուսի հետ կապված են, եւ այս շահերի կողքին ի՞նչ արժեք կարող էր ունենալ իմ «անձնական տվյալների պաշտպանությունը»:

Իհարկե, «ՀայՓոստն» այդպես էլ բացատրություն չտվեց, թե ինչպես կարողացավ մի քանի վայրկյանում իրեն վստահված գաղտնի տվյալները շաղ տալ: Ոչ էլ ներողություն խնդրեցին կամ խոստացան վերանայել իրենց մեթոդները: Փոխարենը հիշեցրին, որ իմ պարտքն է լինել ակտիվ քաղաքացի: Իսկ թե ով պիտի պաշտպաներ իմ ընտանիքը այդ ակտիվության դիմաց, որեւէ պարզաբանում, իհարկե, չկար: Ինձ մնում էր հրաժարվել իմ բողոքից՝ հայտնելով, որ տեղի փոստատունը մաքրելուց առաջ արժե, որ նախ զբաղվեն իրենց՝ կենտրոնական գրասենյակի մաքրությամբ:

Դեռեւս 2002թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Անհատական տվյալների մասին» օրենքը: Կարելի է ենթադրել, որ այն պատրաստվել է եվրոպական պահանջներին ընդառաջելու միտումով, եւ Հայաստանի քաղաքացու անձնական կյանքի գաղտնիության հանդեպ խորը հարգանքը այստեղ վճռորոշ գործոն չի եղել: Եւ այսօր, երբ երկրի կառավարությունը հայտարարում է Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, այս օրենքի նշանակության եւ կիրառման մասին քննարկումը կարծես է՛լ ավելի է արժեզրկվում: Մյուս կողմից, սակայն, որեւէ մաքսային միություն չի կարող խլել Ինտերնետի ու սոցիալական մեդիայի ընձեռած ազատությունները, եւ ուրեմն իրավունքների համար պայքարը շարունակություն ունի: