Հրապարակախոս Զորի Բալայանի նամակը, ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, բուռն քննարկումների առիթ է տվել:

 

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով' նամակում կոչ կա, որպեսզի «Ռուսաստանը պահի Հայաստանին»:

 

Արամ Կարապետյանը, անդրադառնալով այն տեսակետներին, որոնց համաձայն' Զորի Բալայանի այս նամակը պատվեր է եղել, ասաց. «Իմ տպավորությամբ' Զորի Բալայանը ինքնուրույն նամակներ շատ է գրել, կարող է և ինչ-որ տեղ, ինչ-որ ձև նաև խորհուրդ են տվել, բայց դատելով նամակի բովանդակությունից' ավելի շատ տեսնում եմ, որ կոչ կա, որպեսզի Ռուսաստանը պահի Հայաստանին: Ես այդպիսի բան տեսա ավելի շատ: Այն մարդիկ, որոնք խորհուրդ են տվել, եթե խորհուրդ են տվել գրել այս նամակը, կարծում եմ' շատ վատ են պատկերացնում Ռուսաստանի ներքին վիճակը»,-ասաց Արամ Կարապետյանը:

 

Վերջինիս կարծիքով' այդպիսի նամակներ կարելի էր գրել ժամանակին, հիմա Ռուսաստանի վիճակն այնպիսին չի, որ նամակների անդրադառնան:

 

«Իրենք հազարով խնդիրներ ունեն, և, ցավոք սրտի, այդ խնդիրները գնալով խորանալու են»,-ասաց կուսակցության ղեկավարը: