Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, Բաքուն երկրորդ բողոքի նոտան է հղել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին, քանի որ ադրբեջանցի դիվանագետներին դեռևս հնարավորություն չի տրվել հանդիպել Եգոր Շերբակովի սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովի հետ: Բողոքի երկրորդ նոտան հղվել է այն պատճառով, որ Զեյնալովի հետ հանդիպման պայմաններ դեռևս չեն ստեղծվել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր առաջին հղած նոտայում պահանջել էր հյուպատոսական օգնություն ցուցաբերել Զեյնալովին. հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:
«Մենք նոտա ենք պատրաստել և վաղը հղելու ենք Ռուսաստանին, որով պահանջելու ենք հյուպատոսական օգնություն ցուցաբերել սպանության մեջ մեղադրվող մեր քաղաքացուն: Նրա մոտ պետք է փաստաբաններ լինեն: Եթե կա կարիք, նա պետք է նաև թարգմանիչ ունենա, և ամեն բան պետք է իրավական դաշտում լինի»,-ասել է դեսպանը ռուսական Дождь հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: