Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը, որը բավականին հետաքրքիր զարգացումներ է ունեցել: Զննության է ենթարկվել Կ. Եսայանի մեքենան, որի մեջ սպանվել է Կ. Եսայանը, եւ նրա անձնական հեռախոսը, որը համարվել էր ոչ կարեւոր գործի համար եւ հետ էր վերադարձվել տուժողի իրավահաջորդին: Սակայն ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբանների պահանջով հեռախոսը բերվեց դատարան եւ զննության ենթարկվեց:
«Նախ պետք է Կարեն Եսայանի հեռախոսը չվերադարձվեր, դա իրականում շատ կարեւոր ապացույց էր համարվում, բայց չէր ճանաչվել ապացույց եւ հետո էլ վերադարձվել էր տուժողի իրավահաջորդին: Հետո ներկայացվեց հեռախոսը դատարան, մենք զննեցինք հեռախոսը, պարզվեց, որ հեռախոսում կա ընդամենը մեկ մուտքային զանգ եւ երկու ելքային զանգեր, ինչը իրականում անհնար է, պետք է տրամաբանորեն լինեին շատ մուտքային եւ շատ ելքային զանգեր, ինչը նշանակում է, որ ջնջվել են համարներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում եզրակացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը: Փաստաբանի կարծիքով հեռախոսը ամենագլխավոր ապացույցներից մեկը պետք է համարվեր այս գործում, քանի որ շատ կարեւոր է այն, թե մահից առաջ ում հետ է խոսել Կարենը, ինչ զանգեր է ստացել եւ ինչ զանգեր է կատարել: Սակայն, ըստ փաստաբանի, ապշեցնողը միայն այն չէր, որ մուտքային եւ ելքային համարները ջնջված էին:
«Իսկ ամենագլխավորը՝ որ մեկ ելքային զանգը եւ մեկ մուտքային զանգը պատկանում են քննիչին, այսինքն վերջին զանգերը գրանցված են գործը վարող քննիչի համարները»:
Սյն հարցին, թե հնարավո՞ր է Կարենի մահից հետո են այդ հեռախոսով զրուցել քննիչի հետ, Լ. Սահակյանը պատասխանեց.
«Հնարավոր է մահից հետո, հնարավոր է՝ ոչ: Քանի որ զանգերի ժամերը եւս չկան, չեն երեւում, եւ չենք կարող ասել՝ երբ են զանգվել, բայց ամենահետաքրքրականը այն է, որ վերծանումները, որոնք որ ստացել էին, թե Կ. Եսայանը ում հետ եւ երբ է զրուցել, այս զանգերը չկային, այսինքն վերծանումները եւս ամբողջական չէին: Ինչը նաեւ բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մեզ մնում է փորձաքննությամբ պարզել ամիս ամսաթիվ, թե երբ են քննիչի զանգերը կամ եւս մեկ անգամ պահանջել վերծանումները եւ ասել, որ նախորդները իրականությանը չեն համապատասխանում: Խոսքը քննիչ Հայրապետյանի մասին է: Նա հենց այն նույն քննիչն է, որ Կ. Եսայանի դիակը հայտնաբերելուց հինգ րոպե հետո հայտնվել էր Գյումրիում եւ հարցաքննել Հարություն Սարգսյանին, ինչը անհնար է: Հենց այդ նույն քննիչի հեռախոսահամարն էր որպես մուտքային եւ ելքային զանգերի համարներ ֆիքսված Կ. Եսայանին պատկանող հեռախոսում»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, զննության են ենթարկել նաեւ Կ. Եսայանին պատկանող ավտոմեքենան: Նախորդ անգամ դատարանը իր կազմով տեղափոխվեց քննչականի բակ, հետո հայտարարեցին, որ ավտոմեքենան զննել չեն կարողանա, քանի որ բանալիները չկան՝ Երեւանում քննիչի մոտ են: «Սակայն այսօր բանալիները կային, պարզվեց, որ դրանք ամենեւին էլ պետք չեն գալու ու պետք չեկան, քանի որ ոչ միայն մեքենան զմռսված ու կապարակնքված չէր, այլեւ անգամ բանալիով փակված չէր»,- ասաց Լ. Սահակյանը: