Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) թվով 252 դասախոսներ նամակ են հղել Սերժ Սարգսյանին՝ պահանջելով դիտարկել բուհի ղեկավար Արա Ավետիսյանի ռեկտոր մնալ-չմնալու նպատակահարմարությունը: Այս մասին այսօր Еpress.am-ի հետ զրույցում ասել է Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը:

 


Որպես առաջին պահանջի շարունակություն, նամակում նշել են նաև իրենց բուհում աուդիտ իրականացնելու մասին:

 


Դասախոսների դժգոհությունը կապված է թե՛ աշխատավարձերի նվազման, թե դասախոսներին աշխատանքից ազատելու հետ: Ավետիսյանի նորարարությունների դեմ բողոքող դասախոսների պնդմամբ՝ անձամբ Սերժ Սարգսյանի շուրթերից է հնչել արտահայտությունն այն մասին, թե ոչ մի գործատու իրավունք չունի աշխատավարձի նվազման քայլ կատարել, մինչդեռ, ըստ նրանց, ռեկտորը գնացել է այդ քայլին առանց հիմնավորման:

 


«Կարծում, ենք, որ այս պրոբլեմների հիմքում ընկած է բուհի ֆինանսատնտեսական վիճակը, որը ռեկտորը փորձել է քողարկել: Ակնկալում ենք, որ նախագահը դրական լուծում կտա, ու մենք կմտնենք նորմալ հունի մեջ, առանց այն էլ վերջին 2 ամիսներին ու ընդհանրապես՝ Ավետիսյանի պաշտոնավարելու ընթացքում այնքան վնաս է հասցվել բուհի իմիջին, որ հասկանալ է պետք՝ ինչպես ենք բարի համբավը վերադարձնելու», – ասել է մեր զրուցակիցը:

 


Նրա խոսքով՝ բացի աշխտավարձերի խնդրից, Ավետիսյանի գործողությունները ուսանողների ուսման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացրել՝ մեծ հոսքեր, մեծ խմբեր, լաբորատորիաներում շատ ուսանողներ, դասախոս-ուսանող շփման կրճատում և «հազար ու մի հարցեր»:

 


«Հուսանք՝ նախագահի ճիշտ պատասխանը մեզ ճանապարհ ցույց կտա ու կհուշի՝ ինչպես դուրս գալ այս վիճակից, հակառակ դեպքում վիճակը էլ ավելի է լարվում ու կարող է լրիվ ուրիշ բովանդակություն ձեռք բերել, որը բացարձակ մեր կրթօջախին պետք չէ», -եզրափակել է Խաչատրյանը: