Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմը խորհրդակցություններում գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, իսկ ուրուգվայական կողմը' արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուիս Պորտոն:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ:
Կարևորվեց առևտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջային, մարզական և այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, գործարար համաժողովների և մշակութային օրերի անցկացումը: Քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ընդգծվեց միջազգային կառույցներում փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ամբողջացման կարևորությունը: Երկուստեք ընդգծվեց, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացումն էապես կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:
Խորհրդակցությունների շրջանակում ՀՀ և Ուրուգվայի ԱԳ փոխնախարարները փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ վավերագրերը: