ՀՀ ԱԳՆ-ում դեկտեմբերի 12-ին Հայաստանի և Բելգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, բելգիական կողմից' ԱԳՆ Արևելյան ու Հարավ-արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի բաժանմունքի տնօրեն Յոհան Ինդեկյոն:

 

Հայ և բելգիացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, կարևորվեց հայ-բելգիական քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը:

 

Նույն օրը բելգիական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերին։ ԱԳ նախարարի տեղակալ Քոչարյանը զրուցակիցներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ագրեսիայի հետևանքներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները։