Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
Կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, արծարծվել են ԱՊՀ երկրների միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործման ընթացքին, էներգառեսուրսների օգտագործման և արտադրության, նաև այլ հարցեր:
Նիստում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր ԱՊՀ անդամ-պետությունների տնտեսվարող սուբյեկտների կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվողականության, տեղեկատվական անվտանգության ապահովման, մաքսային, վիճակագրության և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև մի շարք համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ:
Օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, մինչև 2020 թվականը զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացման ռազմավարությունը, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը, միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացման 2014-2015 թթ. միջոցառումների ծրագիրը, պետական ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի զարգացման հայեցակարգը:
Նիստում որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014 թ. մայիսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: