Մինսկի Անկախության պալատում այսօր Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նիստի մասնակիցների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:

 

Այնուհետև ընդլայնված կազմով նիստում կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: Ստորագրվել են մի շարք համաձայնագրեր գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման, տրանսպոր­տա­յին անվտանգության ապահովման, զինված ուժերի տեղագրաերկրաբաշխական, նավիգացիոն ապահովման և հումանիտար ականազերծման ոլորտներում համագործակցության մասին, ինչպես նաև որոշ համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Հավանության են արժանացել մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ ազգային մարզաձևերի աջակցման ու զարգացման ծրագիրը' 2015-2017թթ. միջոցառումների ծրագրով, հիդրոօդերևութաբանական գործունեության զարգացման ռազմավարության իրականացման, մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում դաբաղ հիվանդության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ համալիր միջոցառումների ծրագրերը:

 

Ի գիտություն է ընդունվել ԱՊՀ մասնակից պետությունների' մինչև 2020թ. ինովացիոն ոլորտում համագործակցության միջպետական ծրագրի և 2012-2014թթ. ծրագրի միջոցառումների համալիրի իրականացման ընթացքի, Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի, մշակութային համագործակցության խորհրդի գործունեության, ինչպես նաև ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության 2012թ. և 2013թ. փաստաթղթային ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Որոշվել է ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014թ. նոյեմբերի 21-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում:

 

Նիստի ավարտից հետո ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցել է Բելառուսի վարչա­պետ Միխայիլ Մյասնիկովիչի անունից ԱՊՀ կառավարու­թյունների ղեկավարների խորհր­դի նիստի մասնակից­ների պատվին կազմակերպված աշխատանքային ճաշին: