ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մշտական ուշացումները կրկին հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում, երբ նա ստիպել է անգամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին սպասել 50 րոպե։ Ո՞րն է նման վարքի պատճառը։

 

Корреспондент-ը փոխանցում է, որ պոնտիֆիկոսի շրջապատի մարդիկ գրեթե մեկ ժամ կանգնել են դրսում ցուրտ եղանակին՝ սպասելով ռուս նախագահին։ Որոշ տվյալներով՝ նրան ուշացրել են Pussy Riot խմբի կողմնակիցները, որոնք բողոքի ակցիա են կազմակերպել այն հյուրանոցի հարևանությամբ, որտեղ իբր եղել է Պուտինը։ Մինչդեռ Կրեմլում հայտնել են, որ նախագահը հյուրանոցում կանգ չի առել։

 

Սակայն, կարծես, Հռոմի պապն ու իտալական մամուլը Պուտինի ուշացմանը հանգիստ են վերաբերվել՝ հաշվի առնելով նրա համբավը։

 

Իսկ Հրվ. Կորեայի մամուլը, ուր Պուտինն այցելել էր նոյեմբերին, այնքան էլ բարյացակամ չի գտնվել։ Նախագահ Պակ Կին Հեն ստիպված է եղել սպասել 30 րոպե, քանի որ Պուտինը կանգ է առել՝ արևելյան մարտարվեստների վարպետների հետ հանդիպելու համար։ Korea Times պարբերականն այդ ժամանակ թողարկվել է հեգնական վերնագրով՝ «Պարոն Պուտին, հաջորդ անգամ ժամանակին եկեք»։

 

Սակայն Slon.ru ռուսական լրատվական կայքը խորհուրդ է տալիս կորեացիներին չբարկանալ, քանի որ ընդամենը կես ժամ ուշանալը «ծայրահեղ հարգանքի դրսևորում է»՝ Պուտինի չափանիշներով։

 

«Վեդոմոստի» պարբերականը ներկայացնում է մի ցուցակ, թե որտեղ և որքան է ուշացել ՌԴ նախագահն իր կարիերայի ընթացքում՝ 2003-ին նա 14 րոպե ուշացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպումից, 2012թ. 40 րոպե՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից, 3 ժամ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Սիրիայի հարցով բանակցություններից, և վերջապես 2 ժամ Պուտինը ստիպել է սպասել 2002թ. ավիավթարից զոհված երեխաների ծնողներին Բաշկիրիայի գերեզմանատանը։ Մանրամասները կարդացեք այստեղ: