Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ-ի' 2013թ. դեկտեմբերի 3-ի նիստում.
«Ռուսաստանի Դաշնության կայսերական նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա' քեմալա-բոլշևիկյան սահման:
Զավեշտ է, երբ Հայաստանի Հանրապետությունում դրածոները քարոզչության միջոցով փորձեցին Պուտինի այցը ներկայացնել իբրև պետական այց, այն դեպքում, երբ նա առաջինը այցելեց ռազմաբազա, որի տարածքը նվիրաբերվել էր դրածոների կողմից:
Փաստացի' Պուտինի այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջև տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու կայսերական անհույս նկրտումները, որի սպասարկման պարտականությունը ստանձնել էր Սերժ Սարգսյանը:
Խորհրդային Միության անկումից տարիներ առաջ կայսրության փլուզման մասին բարձրաձայնում էին շատերը: Այդպես էլ եղավ:
Ռուսաստանը՝ Խորհրդային Միության անկումից հետո դասեր չքաղելով արատավոր և ի սկզբանե դատապարտված համակարգի շահագործումից չհրաժարվելով, շարունակեց շահագործել այն ՌԴ-ում, որի տնտեսությունը բնութագրվում է երեք բառով' «խողովակ և այն սպասարկող մարդկանց» տնտեսություն: ՌԴ-ում ընթացող բոլոր պրոցեսները, եթե շարունակվեն նույն մակարդակով մոտակա 10 տարիների ընթացքում, ապա կանխատեսվում է ՌԴ-ի աշխարհագրական քարտեզի հսկայածավալ փոփոխություն, ՌԴ-ի մասնատում:
Մաքսային և Եվրասիական միությունների իրագործումը նախկին խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մասնակցությամբ, Ռուսաստանի պետական կառավարման և տնտեսական մոդելի այս պայմաններում անհնար է:
Այսօր Ռուսաստանի համար կարևոր է ձեռք բերել ու պահել իր զարգացման դրական դինամիկան և իրականացնել արդյունավետ պետական կառավարում ՌԴ-ի ներկայիս սահմաններում: Կայսերական նացիոնալիզմով և ռուսական շովինիզմով առաջնորդվողների համար նման նպատակի իրագործումը թվում է շատ համեստ ցանկություն, սակայն հենց այս հարցի լուծումից է կախված' արդյոք 10 տարի հետո ՌԴ-ն կլինի, թե ոչ, մինչդեռ այդ նպատակին հասնելն այսօր արդեն գրեթե անհնար է:
Հայաստանի և Ռուսաստանի «դարավոր եղբայրական» հարաբերություններում կրկին նախանշվում է ճշմարտության պահը, երբ պատմական առասպելները և ցանկությունները գալիս են փոխարինելու իրականությանը՝ Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր և միշտ վստահ է եղել, որ հայերի հետ չի ունենալու որևէ խնդիր:
Վերջին 20 տարիների ընթացքում, երբ ամբողջ աշխարհում տեղի է ունենում նոր քաղաքակրթության ձևավորում և պայքար քաղաքակրթությունների միջև, պուտինյան Ռուսաստանը և նրա ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը շարունակում է գործել հին խորհրդային կայսրության տրամաբանության ներքո, որը անխուսափելիորեն գրանցելու է պարտություն, իսկ հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորման դեպքում, ինչպես 20 տարի առաջ կրկին նոր բեկում մեր ժողովրդի պատմության մեջ»: