Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում աշխատանքներն է սկսել «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո անցկացվող «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը:

 

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը միջոցառման շրջանակներում հանձնվել է պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP) համապատասխանության հավաստագիր: Դա նշանակում է «Լիկվոր» դեղագործական ընկերության կողմից արտադրած դեղերի որակի նկատմամբ վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

 

«Լիկվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում ցուցաբերած առարկայական օժանդակության համար, ինչը նպաստել է ընկերության հետագա զարգացմանն ու ձեռքբերումների գրանցմանը:
Վարչապետ Սարգսյանը շնորհավորել է ընկերությանը՝ ՊԱԳ հավաստագրի արժանանալու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:

 

ՊԱԳ-ը հանդիսանում է բարձր տեխնոլոգիական հագեցվածություն ունեցող համակարգ, որն ընդունված է ամբողջ աշխարհում և կանոնակարգում է դեղագործական արտադրական գործընթացը: Հավաստագիրը վկայում է դեղերի բարձր որակի մասին և անհրաժեշտ է արտադրանքի արտահանման գործընթացում:

 

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը նշել է, որ ԱՄՆ-ն ուրախ է աջակցել Հայաստանի դեղագործության ոլորտին, քանի որ այն ունի արտահանումը մեծացնելու և աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն:

 

«Բիզնեսի զարգացման մեր ծրագրի միջոցով աջակցում ենք հայաստանյան հիմնական հինգ դեղագործական ընկերությունների՝ հասնելու որակի միջազգային չափորոշիչներին»,- ասել է Հիլիարդը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը շնորհավորել է «Լիկվոր»-ին՝ պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր ստանալու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի մյուս դեղագործական ընկերությունները նույնպես կհասնեն այսպիսի հաջողությունների:

 

Այնուհետև Տիգրան Սարգսյանը ծանոթացել է համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցող դեղագործական ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին: