Երկրապահում չկան «բազում թեւեր»: Այս մասին Lurer.com-ի լրագրողին հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հրապարակ» օրաթերթում տպագրված այն տեղեկատվության ճգրտության մասին հարցին, ըստ որի, ԵԿՄ-ում խմորումներ են՝ կան Արամ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի եւ Մանվել Գրիգորյանի թեւեր:

 

«Եթե թերթեք անցած տարիների մամուլը, ապա կտեսնեք, որ սովորաբար ԵԿՄ համագումարներից առաջ օրվա թերթերը լցվում են տարատեսակ ենթադրություններով, իրականությանը չհամապատասխանող լուրերով: Այս օրերին, Երկրապահը, որպես հանրապետության ամենախոշոր հասարակական կառույց, աշխատանքային առօրյային զուգահեռ, նախապատրաստվում է նաեւ իր 10-րդ հոբելյանական համագումարին:

 

Երկրապահ կամավորականների միությունն իր գործն է անում, ունի որդեգրած հստակ ճանապարհ եւ ընթանում է իր ճանապարհով: Իսկ այն ենթադրությունները, որ կան դեկտեմբերի 14-ի «Հրապարակ» թերթում, զուտ հնարովի ենթադրություններ են եւ բացարձակապես կապ չունեն ԵԿՄ-ում տիրող մթնոլորտի հետ: Համագումարից առաջ «խմորումներ» չկան, «ներքին դժգոհություն» չկա, «ալեկոծումներ» չկան: Կա սպարապետ Վազգեն Սարգսյանի սկսած գործը, կա Սպարապետի ժառանգությունը եւ ԵԿՄ-ն իր բոլոր սերունդներով տեր է կանգնել, տեր է կանգնում ու տեր կկանգնի Սպարապետի ժառանգությանն ու կշարունակի իրականացնել երկրապահի սրբազան առաքելությունը:

 

Ինչ մնում է ԵԿՄ վարչության նախագահի խնդրին, Երկրապահն ունի ԵԿՄ հավերժ նախագահ՝ հանձինս սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Սպարապետից հետո առ այսօր եւ այսուհետ էլ ԵԿՄ վարչության նախագահ զորավար Մանվել Գրիգորյան, ում հարցում Երկրապահի մեջ եւ երկրապահին լավ ճանաչողների մեջ երբեք կասկած կամ երկընտրանք չի եղել, պատերազմի դաշտում, եւ ոչ խաղաղության մեջ առ այսօր: Զորավարը մեր հերոս հրամանատարն է, եւ այդ հարցում Երկրապահը միակամ է եւ դա դուք կտեսնեք մեր առաջիկա 10-րդ հոբելյանական համագումարում: Մնացածը իսկապես զառանցանք է ու զառանցանք կլինեն նաեւ այն ինչ հրահանգավորված դեռ կգրեն այս օրերին, մինչեւ համագումար:

 

Կանցնեն օրերը, հանդիսավորությամբ, երկրապահների մեծ ակտիվությամբ, հանրապետության բոլոր լրատվական միջոցների ներկայությամբ տեղի կունենա նաեւ ԵԿՄ 10-րդ համագումարը ու ամեն ինչ տեսանելի կլինի բոլորի համար: Իսկ նախօրոք տարածվող լուրերն ու ենթադրությունները, իրոք կմնան որպես «չնչին, ինչպես Արարատին նետված քար»:

 

Ցավալի է, որ անգամ ԵԿՄ 10-րդ համագումարից հետո, երբ ակնհայտ կդառնա, որ «Հրապարակի» հրապարակումը զառանցանք էր, ցնդաբանություն, դրա հեղինակը ներողություն չի խնդրի, կշարունակի ինքնագոհ մնալ: Այնինչ պետք է, որ նման գիտակցված կեղծարարությունները հանրության պարսավանքին արժանանային: Այ, ես հիմա առաջարկում եմ Ձեզ՝ որպես արհեստավարժ լրագրողի: Պահպանեք «Հրապարակի» դեկտեմբերի 14-ի թողարկումը: ԵԿՄ 10-րդ համագումարից հետո, երբ Զորավար Մանվել Գրիգորյանը միաձայն կվերընտրվի ԵԿՄ վարչության նախագահ, երբ այլ թեկնածություններ չեն լինի, երբ կփաստվի, որ երեսունյոթհազարանոց երկրապահական ընտանիքն այլ առաջնորդ չի կամենում տեսնել Զորավարից բացի, դրեք այդ հրապարակումը հեղինակի առաջ ու հարցրեք. «Բա դու չե՞ս ամաչում, ինչո՞ւ էիր նման ստեր շաղ տալիս»,- ասաց Մկրտչյանը: