Մյասնիկյան համայնքում երեք եզդիների պատկանող 300-ից ավելի ոչխար է սատկել. այս մասին Tert.am-ին հայտնեց եզդի համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Նա նշեց, որ մայր ոչխարներ են եղել, որոնք սատկել են ըստ նախնական տեղեկության՝ արոտի թունավոր խոտից։

 

Ազգությամբ եզդի Խըդր Հասոյանը, ով ոչխարների տերերից մեկն է, Tert.am-ի հետ զրույցում հուսահատ կրկնեց նույնը, թե' «երեք-չորս օրում 300-ից ավելի մայր ոչխար գնաց»։ «Մի կերպ հասցնում էինք մորթել։ Երեկվանից կանգնել ա, կոտորում չկա արդեն։ Ընդհանուր ոչխարները 1700 գլուխ է եղել։ Մենք սպասում էինք, որ դեռ 400-ն էլ կընկներ, բայց լավ ա կանգնեց»,- ասաց նա։

 

Պատճառն ըստ նրա՝ արոտն էր. «Շորան էր պատճառը, արոտը շորա էր (բույս որ աճում է աղակալած հողերում-Tert.am), էդ խոտը լրիվ աղ է աղ, աղային մասը շատ ա, որ կերել են էդքանը միանգամից տենց են եղել»,- ասաց նա և պնդեց, թե նույնիսկ այս եղանակին ոչխարներին հանում են արոտի։

 

Խըդր Հասոյանը նշեց, թե գյուղնախարարությանը տեղյակ են պահել, բայց անարդյունք, մինչև հիմա չեն ներկայացել։ «Սաղ Հայաստանին հայտարարել ենք, բայց բանի տեղ չեն դնում։ Նախարարությանն էլ ենք դիմել, պետք է դեռ երեկ գային, բայց չեկան, խաբին չեկան»,- ասաց նա։

 

Իսկ թե ի՞նչ են անում այդ ոչխարի միսը, Խըդր Հասոյանը նշեց, որ չեն թողնում սատկի, հասցնում են մորթել ու իրենց ուտելու համար պահել։ «Մենք են ուտում, ոչ մի բան էլ չենք անում, ոչ էլ հանձնում ենք, ոչ էլ առնող կա, էս օրերին էնքան միս ծախող կա, ով պետք ա առնի, մենք էլ բաժանում են ընկերությանը, բարեկամությանը, հարևանությանը»,- ասաց նա և նշեց, թե գյուղնախարարության նման պահվածքից հասկացել են, որ փոխհատուցում չի լինի։

 

Իսկ հարցին, թե ինչպես է իրենց հաջողվել ոչխարների անկումը կանգնեցնել, Հասոյանը պատասխանեց, թե իրենց գյուղի անասնաբույժին են կանչել, ով խորհուրդ է տվել սրսկում չանել, ուղղակի շատ ջուր տալ, չոր խոտ տալ և գիշերը գոմում պահել, որ տեղները տաք լինի։

 

Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մասնագետները եղել են Մյասնիկյան համայնքում և նախնական վարկածով ոչխարների անկումը կերային թունավորումից է։

 

«Դրսում թունավոր խոտ են կերել, որի մեջ աղային պարունակությունը շատ է, նախնական տվյալներով կերային թունավորում է: Միսը լաբորատորիայում է, փորձաքննությունը կպարզի»,-ասաց նա և հաստատեց, որ ոչխարների անկման թիվը 300-ը գերազանցում է։ Նա նշեց' քանի որ վարակ չի, ապա ոչխարների անկումը չի շարունակվի։ «Դա հիվանդություն չի, որ տարածվի, ուղղակի կերել են, ինչքան սատկել, սատկել են»,- ասաց նա։

 

Հարցին, թե պետական աջակցություն կլինի, Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ ոչ, քանի որ դա անկում չէր, այլ հարկադիր մորթ են իրականացրել։