Եզդիների համար 7-օրյա սուգ է հայտարարվել երկու օր առաջ սպանված օրենքով գող Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մահվան կապակցությամբ:
Ինչպես գրում է Yezdistan.blogspot.com-ը, Աշխարհի և ՀՀ Եզդիների ազգային միությունների նախագահ,Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ազիզ Թամոյանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Աշխարհի Եզդիների ազգային միությունը 2013 թ. հունվարի 16-ին դժբախտաբար տեղեկացել է Եզդի ժողովրդի հայրենասեր զավակներից մեկի' Ասլան Ուսոյանի (ավելի շատ հայտնի է որպես Դեդ Հասան) մահվան մասին: Նրա մահվան լուրը ամբողջությամբ ցնցել է համայն աշխարհի եզդիներին: Նրանք դատապարտում են այդ ոճրագործներին, այդ գիշատիչ մարդասպաններին, որոնք խլեցին Եզդի ժողովրդի արժանի զավակ «Դեդ Հասան»-ի կյանքը: Նա այն անձնավորությունն էր, որ ամբողջ աշխարհի եզդիները ճանաչում էին, նա ֆինանսապես, բարոյապես օգնում և օժանդակում էր եզդիներին, ինչպես նաև նշում, որ նա պահպանում էր իր ազգային էթնիկ պատկանելությունը: Կրկին անգամ ցավով նշում են, որ իրենք՝ եզդիները չունեն այսօր պետականություն, նրանց պետականությունը համարվում է այն երկիրը, որտեղ, որ իրենք բնակվում են, իսկ պետությունը, իշխանությունները, ազգային անվտանգության մարմիները պետք է երաշխիք դառնան տվյալ երկրում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության համար»: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Աշխարհի Եզդիների ազգային միությունը դատապարտում է նման ծանր հանցագործություն կատարող տարրերին նրանք անհապաղ պետք է ձերբակալվեն և օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն. «Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունները խորին կսկիծով իրեն ցավակցություններն են հայտնում Դեդ Հասանի ընտանիքի անդամներին և հարազատներին: Միաժամանակ համաձայն եզդիների կրոնական սահմանադրության, անվանի հեղինակություն վայելող անձանց, տվյալ դեպքում «Դեդ Հասան»-ի համար երեք միլիոն եզդի ժողովրդի շրջանում 7 օրյա (հունվարի 16-23-ը) սուգ են հայտարարում»: