Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավորները ստորագրել ու շրջանառության մեջ են դրել «Արտակարգ դրության ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով առաջարկում են բացառել Զինված ուժերի ներգրվածությունն արտակարգ դրության ժամանակ։
Այս օրենքն ընդունվել է մոտ երկու տարի առաջ, որով կանոնակարգվում են արտակարգ ռեժիմի եւ զինված ուժերի ներգրավման հարցերը: Դրա անհրաժեշտությունն առաջացել էր 2008 թ. մարտի 1-ից հետո: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն եւ բանակի ստորաբաժանումներ մտցրեց Երեւան: Ընդդիմությունը վիճարկում էր թե արտակարգ դրության հրամանագիրը, թե բանակի ներգրավումը: Նշվում էր, որ Քոչարյանն անօրինական է գործել:
ՀԱԿ նախաձեռնությունը կարեւոր է այն տեսակետից, որ նշված օրենքի կիրառմամբ իշխանությունը հնարավորություն է ստանում բանակի միջոցով ճնշել հանրային բողոքի որեւէ դրսեւորում, որը ստանում է լայն ծավալներ: Այս հանգամանքն ակտուալ է դառնում հատկապես ներկայում, երբ սպասվում են զանգվածային ելույթներ ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական ծանր պայմանների ու Հայաստանի ինքնիշխանության կորստի համատեքստում:
Սակայն, այստեղ կա մի նրբություն, որը պետք է լինի ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ ցանկացած քաղաքական ուժի եւ հանրության ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ եթե իշխանությունը նույնիսկ համաձայնվի օրենքը փոփոխելուն, միեւնույն է, բանակի միջամտության խնդիրը չի լուծվում: Հայաստանը ստորագրել է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղծման պայմանագիրը, որով ՀԱՊԿ ուժերն իրավունք են ստանում միջամտել անդամ երկրներում, այդ թվում՝ զանգվածային ելույթների, գործադուլների եւ այլնի դեպքում:
Ռուս հայտնի գեներալ Շամանովն, օրինակ, այդ մասին հայտարարեց 2013 թ. մարտի 1-ին: Օրը պատահական չէր ընտրված՝ մարտի 1-ի ողբերգության 5-ամյակի օրը: Նա հատուկ շեշտել էր նաեւ Հայաստանը, որտեղ Ռուսաստանի հատուկ ստորաբաժանումները կամ արագ արձագանքման ուժերը կարող են միջամտել:
Սերժ Սարգսյանը եւ Պուտինը դեկտեմբերի 2-ին ստորագրել են համաձայնագրեր, որոնցով Հայաստանում իշխանության ձեւավորման իրավունքն ըստ էության պաշտոնապես անցել է Ռուսաստանին: Մոսկվան չի վարանի իրացնել իր այդ իրավունքը, Հայաստանի տոտալ վերահսկողությունը պահպանելու համար: Դա Մոսկվան ապացուցել է բազմիցս, այդ թվում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, երբ ընդդիմության տվյալներով, ռուսական հատուկ ստորաբաժանումները ներկա էին Երեւանում (այս հանգամանքը հիմա շրջանցվում է հասկանալի պատճառով):
Այս պայմաններում, ի վիճակի՞ են արդյոք հայկական քաղաքական ուժերը եւ հանրությունը վերադարձնել իշխանության ձեւավորման իրավունքը, ապահովել տարբեր բնույթի ազատությունները: Խնդիրը ներկայում կրկնակի բարդացել է, ինչը սակայն չի նշանակում, որ վիճակն անելանելի է:
Հայկ Արամյան