Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային «Սարդարապատ» թանգարանն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները 2015 թվականին՝ Մուսա լեռան և 2018 թվականին՝ Սարդարապատի հերոսամարտերի 100-ամյակները տոնելու ուղղությամբ: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշեց թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը, այդ առումով 2014 թվականը պետք է բեկումնային լինի թանգարանի համար: Արդեն պատրաստ է Մուսա լեռան հերոսամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: «Հոբելյանական միջոցառումը նախապատրաստելու նպատակով՝ ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից համապատասխան գրություն է ուղարկվել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ստեղծելու հոբելյականական կառավարական հանձնաժողով: Նախաձեռնությունը եղել է թանգարանինը»,- ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ 2015 և 2018 թվականների միջոցառումների ծրագրերը միջնաժամկետ ծախսային կամ այլ ծրագրերի տեսքով կներկայացվեն կառավարությանը:

 

Բացի այդ՝ աշխատանքներ են տարվում հուշահամալիրը բարեկարգելու և զբոսաշրջության տեսակյունից ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ: Այսպիսով, 2007-2013 թվականների ընթացքում մեծացել է թանգարանի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումների քանակը: Անցյալ տարի միջոցառում է կազմակերպվել նվիրված՝ Մայիսյան հերոսամարտերի մասնակիցների հիշատակին, որը թանգարանի տնօրինությունը մտադիր է դարձնել ամենամյա: Զբոսաշրջային այցերի խթանման նպատակով «Սարդարապատ» թանգարանը նաև համագործակցում է զբոսաշրջային ընկերությունների հետ: Այդ նպատակով թանգարանը 2013 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ:

 

2013 թվականին թանգարանն ունեցել է 25784 այցելու. 2004 թվականից ի վեր թանգարանի այցելուների թիվն աճել է երկու անգամ: 2012թ-ի հունվարի 1-ից Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը համարվում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) հիմնական անդամ: 6500 քմ ցուցադրական մակերեսի վրա ներկայացվում է հայերի նյութական, սոցիալական ու հոգևոր մշակույթը̀ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Թանգարանում կազմակերպվում են հայոց ավանդական և ժամանակակից արվեստին, ինչպես նաև այլ ժողովուրդների էթնիկ մշակույթին նվիրված ցուցահանդեսներ: