Ջրօգտագործողների ընկերությունները ՀՀ-ում 2013 թվականին մատակարարել են 472 միլիոն խորանարդ մետր ջուր, որի դիմաց վարձավճարների հավաքագրման ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով: Այդ մասին փետրվարի 1-ին նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը՝ ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհրդի նախագահների, գործադիր տնօրենների և հողագործ-ջրօգտագործողների սեմինար-խորհրդակցությանը:

 

«2013 թվականին Ջրօգտագործողների ընկերությունների ջրի մատակարարումից հասույթը կազմել է 5 միլիարդ 179 միլիոն դրամ: Վարձավճարի գանձումը՝ 4 միլիարդ 436 միլիոն դրամ կամ հասույթի շուրջ 86 տոկոսը»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ ջրի կորուստը կազմել է 44 տոկոս:

 

2012 թվականին մատակարարվել է գրեթե նույն ծավալի ջուր՝ նույն հասույթով, սակայն գանձվել է 4 միլիարդ 26 միլիոն դրամ կամ հասույթի 78 տոկոսի չափով: Ջրի կորուստը կազմել է 45 տոկոս:

 

ՀՀ-ում գործում են ջրօգտագործողների 42 ընկերություններ (ՋՕԸ), որոնք ապահովում են 618 համայնքի մոտ 200 հազար ջրօգտագործողների՝ շուրջ 130 հազար հեկտար հողատարածք ոռոգելու համար: Ջրօգտագործողների ընկերություններին ոռոգման ջուր են մատակարարում ոռոգում-ջրառ իրականացնող փակ բաժնետիրական 2 ընկերություն: Հանրապետության ոռոգման համակարգում ընդգրկված են 2100 կիլոմետր միջտնտեսային և մայր ջրանցքներ, 16 հազար կմ ներտնային ջրանցքներ, 75 ջրամբարներ, 703 խորքային հորեր և 263 ջրհան կայաններ: Հանրապետության շուրջ 208 հազար հեկտար ոռոգելի տարածքներից մոտ 196 հազաÖ € հեկտարն ընդգրկված է ՋՕԸ-ների սպասարկման տարածքում: Յուրաքանչյուր ջրօգտագործողի հետ կնքվում է ջրամատակարարման պայմանագիր: Ջրամատակարարման փաստը գրանցվում և հաստատվում է ջրօգտագործողի ստորագրությամբ՝ ջրաբաշխի մատյանում: Ջրօգտագործողը ստացած ջրի դիմաց վճարումը կատարում է բանկային կամ փոստային բաժանմունքում:

 

Ոռոգման համակարգի առաջնահերթ խնդիրներն են ջրամբարաշինության ծրագրերի նախապատրաստումը, սահմանամերձ բնակավայրերի ոռոգման արդյունավետության բարձրացումը, սակավաջուր տարածքներում ջրամատակարարման բարելավումը, ոռոգման ջրի ինքնարժեքի իջեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը' այդ թվում ինքնահոս համակարգերի կառուցումը և ներտնտեսային ցանցերի վերանորոգումն ու վերակառուցումը: