Ամերիկյան The Washington Post թերթի խմբագրակազմը նահանջել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իր ընդդիմադիր դիրքորոշումից և այսօր բացահայտ ու աներկբա խոսում է Հայոց ցեղասպանության մասին: Նման կարծիք է հայտնել Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը' վկայակոչելով թերթի վերջին հրապարակումը, ուր «Կարծիքներ» բաժնում անդրադարձ է կատարվում ԱՄՆ օրենսդիրների միջնորդությամբ մի շարք նահանգների դպրոցական ծրագրերում կատարված փոփոխություններին:
«Այսօրվա խմբագրակազմը, թեև ակնհայտորեն ապակողմնորոշված լինելով ամերիկյան հասարակական դպրոցներում ցեղասպանության կանխարգելման ուսուցման գործում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հեռուն հասնող և կատուցողական դերակատարության հարցում, բացահայտորեն և աներկաբյորեն ցիտում է Հայոց ցեղասպանությունը և շեշտում «1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ուսուցման» կարևորությունը»,- նշված է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հրապարակման մեջ ամերիկյան թերթը կարծիք է հայտնում, որ, ԱՄՆ օրենսդիրները չպետք է միջամտեն դպրոցական դասագրքերի և կրթական ծրագրերի կազմման գործընթացին: Տեղեկացվում է, որ Վիրջինիա նահանգի օրենսդիրներն այժմ աշխատում են մի բանաձևի վրա, որով առաջարկվում է ամերիկյան դասագրքերում փոխել Ճանպոնական ծովի անունը, որը կորեացիների հավաստմամբ պետք է «Արևելյան ծով» լինի:
Վիրջինիայի նահանգապետ Թերրի ՄքՕլիֆը, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր աջակցել փոփոխությանը, հայտնվել է դժվարին կացության մեջ, երբ պարզ է դարձել, որ Ճապոնիային, որի ընկերություններն ամենամեծ ներդրողներն են պետությունում, չի գոհացնում այդ գաղափարը:
«Միգուցե նահանգային օրենսդիրները ավագ դպրոցների պատմության դասագրքերը կազմելու համար լավագույն թեկանծուները չեն,- գրում է թերթը' հավելելով,- մենք հասկանում ենք, որ հանրակրթական համակարգը պետք է արձագանքող լինի իր հարկատուներին, ում ներկայացնում են Ռիչմոնդի օրենսդիրները: Սակայն նրանց կողմից դասավանդվող պատմությունը պետք է հիմնված լինի պատմաբանների ուսումնասիրությունների վրա, այլ ոչ այն փաստի, որ Վիրջինիայում մեծ թվով կորեացիներ են ապրում»:
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային վեհաժողովը հունվարի 29-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերը պատմության դասագրքերում ներառելու հարցը: