Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 18-ին տեղի կունենա նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՑԹԻ-ից, շնորհանդեսին կհաջորդի «Դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի թեմաների դասավանդման խնդիրները» խորագրով գիտա-գործնական սեմինար, որի ընթացքում դասախոսու թյուններով հանդես կգան Ալլա Հերբերը (Հոլոքոստի հիմնադրամի տնօրեն, առաջին գումարման ՌԴ Պետդումայի անդամ), Տատյանա Պասման (Կրթության ոլորտի աշխատակիցների որակավորման բարձրացման Պսկովի համալսարանի մեթոդիստ), Նատալյա Անիսիսնան (Հրեական ժառանգության և Հոլոքոստի թանգարանի ավագ ֆոնդապահ, Մոսկվա) և ոլորտի այլ մասնագետներ:
Կքննարկվեն Հոլոքոստի մասին հայկական դպրոցական դասագրքերում տրվող տեղեկության, Հոլոքոստի պատմության էթնոմշակութային կրթական նշանակության հիմնահարցեր, Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի նմանությունները և տարբերությունները:
Գիտա-գործնական սեմինարին ներկա կգտնվեն հուլիսի 30-31-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացված ««Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և ՀՑԹԻ-ի ՀՀ նախագահի կողմից տրված դրամաշնորհի շրջանակներում կազմակերպած «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով երկօրյա ամառային դպրոցին մասնակցած ուսուցիչները: Սեմինարի կլոր-սեղան քննարկման ընթացքում տեղի կունենա մասնակիցների' Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի դասավանդման փորձի փոխանակում: