Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ԱԺ չորս խմբակցությունների կողմից ներկայացված ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գազային պայմանագրերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
Մինչ հարցի քվերակությունը վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, ով իր խոսքում կոչ արեց քվեարկել կողմ:
«Կոչ եմ անում կողմ քվեարկել, և մենք միասին պարզենք այս հարցերի իրական պատճառը, այս գործարքի հիմքերը»,-ասաց Հակոբյանը:
Վարման կարգի վերաբերյալ խոսեց նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի երկուսին: Հնարավոր է ավելի հեշտ լիներ քաղաքական անկախություն զիջել, քան այն, ինչ արել ենք»,-ասաց Բագրատյանը:
Խոսեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. «Ես կարծում եմ' երկու օր շարունակ անկեղծ ելույթներ լսեցինք, բայց հիմնականում զազրախոս, հանցանքի մեջ մեղադրելով, առավել ևս' հիմա էլ սկսել են մեր փոխարեն մտածել: Մենք գիտենք' ինչ ենք անում, - ասաց Սահակյանը:
Նախագիծը չընդունվեց 44 կողմ, 58 դեմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: