Եվրոպական միությունը շտապողականություն չի դրսևորում Հայաստանի հետ հարաբերություններում, քանի որ ներկայումս զբաղված է ուկրաինական հարցով։ Սա նշանակում է, որ Հայաստանն ինքը պետք է նախաձեռնող լինի և առաջարկներ ներկայացնի Եվրամիությանը։ Այս մասին այսօր' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը։ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման համար չորս տարի շարունակ տարված աշխատանքը պետք է աբողջությամբ վերափոխվի։ Մենք պետք է ձևակերպենք մեր առաջարկները ԵՄ-ին»,-ասաց Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ հասարակությունը ներկայումս հետաքրքրված չէ Ասոցացման համաձայնագրի բովանդակությամբ, այնինչ համաձայնագրի «ճանապարհային քարտեզը» բաց է լայն զանգվածների համար։ «Իսկ բուն համաձայնագրի հրապարակումը ձգձգվում է, քանի որ հայկական կողմը չի տվել իր համաձայնությունը, ԵՄ-ն, սակայն, պարտաստակամ է հրապարակել համաձայնագիրը, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում»,-նշեց Նավասարդյանը։
2013 թվականին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, և Եվրամիության Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը տեղի չունեցավ։ Հայաստանն ու ԵՄ-ն համատեղ հայտարարություն արեցին, որտեղ նշվում էր, որ ԵՄ-ն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել, ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։