ԱՄՆ-ն դեպի Ռուսաստան և Ռուսաստանից չվերթներ կատարող ավիաընկերություններին նախազգուշացրել է ինքնաթիռում ատամի մածուկի պարկուճներում թաքցված պայթուցիկ նյութերի կիրառման վտանգի մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ ասված է, որ նախազգուշացումը վերաբերում է ամերիկյան և միջազգային փոխադրողներին, որոնք թռիչքներ են կատարում Ռուսաստան Սոչիի Օլիմպիական խաղերի նախաշեմին: Ավիաուղևորների ուղեբեռում ատամի մածուկով պարկուճները կարող են պարունակել պայթուցիկ նյութեր:

 

Սոչիում, որտեղ փետրվարի 7-ին մեկնարկում են Օլիմպիական խաղերը, սահմանված են անվտանգության աննախադեպ միջոցներ: Չնայած ավելի վաղ հյուսիսկովկասցի զինյալների կողմից հնչած սպառնալիքներին' երկրի իշխանությունները հայտարարում են Խաղերի լիակատար անվտանգության մասին: