Թուրքիան իր զինված ուժերի գլխավոր շտաբի եւ ներքին գործերի նախարարության վերահսկողության տակ Հայաստանի եւ Իրանի հետ սահմանակից տարածքներն ականազերծելու նախագիծ է սկսել իրագործել: Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» թերթը:

 

Նշվում է, որ Եվրամիության աջակցությամբ իրագործվող այդ ծրագրի շրջանակում Թուրքիան նախատեսում է 2014թ. Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին տեղակայել սահմանային վերահսկողության ժամանակակից սարքավորումներ:

 

Թուրքիան ծրագրում է նախագիծն իրագործել երկու փուլով: Առաջին փուլում նախատեսվում է Հայաստանի եւ Իրանի հետ սահմանում ականզերծել 11 մլն 665 հազ. 641 քառ.մ տարածք, իսկ երկրորդ փուլում' այդ վայրերում տեղադրել սահմանային վերահսկողության ժամանակակից սարքավորումներ, որոնք թույլ կտան առավելագույնս կանխել ապօրինի միգրացիան եւ մաքսանենգությունը:

 

«Առանց ականների Թուրքիա. նախաձեռնություն» կազմակերպությունն ավելի վաղ հրապարակաված զեկույցում նշել էր, որ 2009թ. դրությամբ' Թուրքիայի ականապատ տարածքներում մոտ 1 մլն ական կա:

 

Նախագծի արժեքը կազմում է 52 մլն 450 հազար եվրո, որի 75 տոկոսը կհատկացնի ԵՄ-ն, իսկ մանացած մասը' Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

 

Թերթը ենթադրել է, որ մինչեւ Հայաստանի հետ սահման' Ալջանի սահմանակետ ասֆալտապատման աշխատանքներ անցկացնելու եւ ականազերծման նախագիծ սկսելու գործողությունները վկայում են, որ հնարավոր է մոտ ժամանակում բացվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը: