Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու համար կարևոր է նաև միջազգային դատական ատյաններում անհատական մակարդակի պրոֆեսիոնալ մշակված փաթեթների ներկայացումը: Փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կյարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: «Ես կարծում եմ, որ առաջիկայում որոշակի ակտիվություն կարող է դրսևորվել' հատկապես այն սփյուռքահայերի կողմից, ովքեր կրում են Ցեղասպանության ուղղակի հետևանքները» ,- նշեց Հովսեփյանը:

 

Թուրքագետի խոսքով, այս պահին արդեն առկա են նման միտումներ, սակայն այդ գործընթացները համակարգելու կարիք կա: Հայոց ցեղասանության վերաբերյալ անհատական մակարդակի դատական հայցերը իրավական տեսանկյունից մանրամասնորեն պետք է ուսումնասիրված և մշակված լինեն: Նա չբացառեց, որ կստեղծվեն փորձագիտական խմբեր, որոնք էլ կզբաղվեն հայտերն իրավական տեսանկյունից համակարգելու աշխատանքներով:

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։

 

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը 1915 թ. հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են ավելի քան երկու տասնյակ երկրներ, ԱՄՆ 40-ից ավելի նահանգներ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: