Դուբայի օդանավակայանում արտակարգ պատահար է տեղի ունեցել. ինքնաթիռի ուղեկցորդուհին ընկել է 9 մետր բարձրությունից: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍ գործակալությունը, հասարակական սնունդ տեղափոխող ծառայողական մեքենայի վարորդը ճիշտ չի հաշվարկել արագությունը և բախվել է թռիչքի պատրաստվող ինքնաթիռին:
Դրա հետևանքով «Ուրալյան ավիաուղիներ» ավիակընկերության ուղեկցորդուհին ընկել է 9 մետր բարձրությունից և ստացել լուրջ վնասվածքներ:
Ինքնաթիռին բավականին լուրջ վնաս է հասցվել: Այն պատրաստվում էր դեպի Պերմ թռիչքին: «Բախման ժամանակ օդանավից նավամատույցի վրա է ընկել ավիաընկերության ուղեկցորդը: Տուժածին այս պահին տեղափոխել են Դուբայի հիվանդանոց: Պատահարի վայրում այժմ հատուկ հանձնաժողով է աշխատում: Դեպի Պերմ կատարվելիք թռիչքն իրականացնելու համար ավիաընկերությունը պահեստային ինքնաթիռ է ուղարկել»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության մամուլի ծառայությունից: